«Եթե Արցախապատկան հողերը վիճելի տարածքներ են, ապա Ադրբեջանն իրավունք ունի հարձակում գործելու». Զարուհի Փոստանջյան
Հայ-ադրբեջանական սահմանագծին հակառակորդի ակտիվացումը պայմանավորված է հողերը հանձնելու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունների և մեր վարած անշնորհք քաղաքականության հետ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Եթե մենք, իրոք, մեր ինքնուրույն ազգանպաստ քաղաքականությունը վարեինք, այդպես չէր լինի: Մենք այս պահի դրությամբ, փաստորեն, ասում ենք, որ Արցախապատկան հողերը վիճելի տարածքներ են և, եթե վիճելի են, ապա Ադրբեջանն իրավունք ունի հարձակում գործելու»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Ըստ նրա` եթե Հայաստանը չի ճանաչում Արցախը` որպես անկախ պետականություն, եթե նրա հետ չի կնքում համապատասխան պայմանագրեր, ապա իրեն դարձնում է խոցելի. «Հենց սա է խնդիրը և նաև այն բոլոր հայտարարությունները, որ արվեցին Սերժ Սարգսյանի կողմից»: