«Մեզ համար ցանկալի չէ տեսնել նույնիսկ բռնապետի արյունը». ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մերժեց Զարուհի Փոստանջյանի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը պետք է հայտարարություն ընդունի ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ: Նման նախագիծ ԱԺ է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նախագծի՝ Ազգային Ժողովը համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ Զ.Փոստանջյանը նշեց, որ ապստամբության իրավունքը, որի նպատակն է դիմադրություն ստեղծել բռնապետության դեմ, ժողովրդավարական պետության իրավական համակարգի անբաժանելի մաս է կազմում և առանց այդպիսի իրավական դրույթի իրացման Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները:

«Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը մնում է արդիական, որքան Սերժ Սարգսյանը մնա և շարունակի պաշտոնավարել, որքան ՀՀԿ-ն մնա և շարունակի պաշտոնավարել, այնքան մնում ենք խոցելի: Հանրությունը հավանություն էր տվել «Սասնա Ծռերի» պահանջներին, ինչի մասին վկայում է նաև BBC-ի հարցախույզը, ըստ որի` ոչ մեկին չեն հանդիպել, որոնք համաձայն չեն եղել «Սասնա Ծռերի» պահանջների հետ: Այդ ժամանակ նույնիսկ ՀՀԿ-ականները սառած վիճակում էին գտնվում, և ոչ մեկ հրապարակային հանդես չեկավ»,- ասաց Զ.Փոստանջյանը՝  հավելելով, որ այնուհետև Սերժ Սարգսյանն իր մերձավորների շրջանում հայտարարություն արեց:

Ըստ նրա՝ այսօր Սերժ Սարգսյանը հայկական սուրբ հողերի հանձնման վերաբերյալ է հայտարարություններ անում և դա մի օր պատժվելու է: Զ.Փոստանջյանը հորդորեց դրական եզրակացություն տալ նախագծին, որպեսզի շուտափույթ ազատ արձակվեն «Սասնա Ծռերի» անդամները. «Մեր պապերը գտնվել են Լուբլյանկայում, մեր հերոսները չպետք է գտնվեն հայկական բանտերում»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ` ճիշտ կլիներ այս նախագիծը ԱԺ նիստում ելույթով ներկայացվեր, նաև հիշեին ոստիկաններին, որ զոհվեցին իրենց ծառայության ընթացքում և պատմական ակնարկը ճիշտ ներկայացվեր. «Նույն այդ տղաների պնդմամբ` «եթե ժողովուրդը գա, հեղափոխություն կանենք», բայց հեղափոխություն չեղավ: Մենք դեմ ենք այս նախագծին` թե՛ պատմական ակնարկի, թե՛ բովանդակության առումով»:

Զ.Փոստանջյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած դեպքերի զոհերի հիշատակը:

«Բոլոր զոհերը մերն են, նաև ինքնահրկիզված քաղաքացին: Եվ նեզ համար ցանկալի չէ տեսնել նույնիսկ բռնապետի արյունը»,- ասաց Զ.Փոստանջյանը:

ԱԺ օրակարգ նախագծի ընդունումը մերժվեց 1 կողմ, 5 դեմ ձայներով:

Տեսանյութեր

Լրահոս