
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը Սևանում որսն արգելված է

Այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը Սևանա լճում գործում է ձկան և խեցգետնի որսի արգելքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ արեց քաղաքացիներին աջակցել իրենց՝ ձկնագողերին բացահայտելու և պատժելու համար։
Ըստ նրա՝ սա ձկների բնականոն վերարտադրության կարևոր շրջանն է, և եթե արգելքը պահվի, հաջորդ տարի կունենանք արդյունագործական ձկնորսությանը շատ մոտ վիճակ, և կներդրվի կառավարելի ձկնորսության նոր հայեցակարգ։
«Մարզային իշխանությունները, ԲՆ տեսչությունները, Ոստիկանությունը գործելու են խստացված գրաֆիկով»,- ասաց Ա.Մինասյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ գիտական տվյալներով՝ 450 տոննա ձուկ կա Սևանում, բայց ձկնագողությունը 3 անգամ ավելի շատ է ձկնորսության փաստացի վիճակից. «Մենք այստեղ խնդիր ունենք արդյունավետ համակարգ ներդնելու»։