Աշխարհի պատանեկան առաջնություն. 7-րդ տուրի արդյունքներ
Երեկ տեղի ունեցան շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները, որը մրցաշարը լուսաբանող շախմատային լրագրողների կողմից անվանվեց Հայաստանի օր:
Ներկայացնենք մեր պատանի շախմատիստների արդյունքները:
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում 7-րդ տուրում 7-րդ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը, ով արդեն 1,5 միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց Եվրոպայի չեմպիոն և այս մրցաշարի գլխավոր ֆավորիտ Նինո Խոմերիկիին: Այժմ Ղուկասյանը վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Իրանը ներկայացնող Շահին Լորպարիզանգենեհի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաղթեց Իրանը ներկայացնող Մուսավի Խալիլ Սեյեդին: Այժմ Պետրոսյանն ու Հակոբյանը վաստակել են 5,5-ական միավոր և ընթանում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մաքսիմ Վավուլինը, ով վաստակել է 6 միավոր:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արամ Հակոբյանը կմրցի հենց Վավուլինի դեմ:
Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Արթուր Դավթյանը ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյի հետ և վաստակած 5 միավորով կիսում է 5-12-րդ հորրիզոնականները: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սեմյոն Լոմասովը, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր:
7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Շանթ Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Քրիստինե Սմբատյանը: