Մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն
ՊԲ 2016թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ միավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Ջ. Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 26-29-ը անց է կացվել մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն «Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հակառակորդի գրոհային խմբերի հետ մղումը, պաշտպանական մարտի վարումը, ուժեղացված հրաձգային վաշտերի կողմից հարձակման անցումը, մխրճված հակառակորդի ջախջախումը և առաջնագծի վերականգնումը» թեմայով:
Զորավարժությունը, որին ներգրավված էին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներից մեկ վաշտ՝ ուժեղացված տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով, նպատակ ուներ կատարելագործել վաշտի հրամանատարների ունակությունները՝ մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզել նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:
Զորավարժության ավարտին միավորման հրամանատրաը շնորհավորել է զորախաղերին մասնակից անձակազմին ցուցաբերած արդյունքների համար, իսկ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով, գերազանցիկի կրծքանշանով և խրախուսվել արձակուրդով:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն