Ադրբեջանը վավերացրել է TANAP-ի վերաբերյալ Թուրքիայի հետ կնքած հուշագիրը
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, այսօր կայացած աշնանային նստաշրջանի առաջին օրը վավերացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունների միջև Անդրանատոլիական գազային համակարգի վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիրը, հայտնում է Trend գործակալությունը։
Ինչպես քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսկերովը, թուրքական կողմն արդեն իրականացրել է տվյալ փաստաթղթով սահմանված պետական ընթացակարգերը։
Նա ընդգծել է, որ հաստատված հուշագիրը Ադրբեջանի կողմից շատ արժեքավոր աջակցություն է TANAP նախագծին:
Հուշագիրը ստորագրվել էր 2016 թվականի մայիսի 26-ին:
TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականի սկզբին:
TANAP-ի բաժնետերերի կազմը հետևյալ տեսքն ունի՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 58 տոկոսը, թուրքական Botas-ին՝ 30 տոկոսը, BP-ին՝ 12 տոկոսը: