«Անգրագետը դուք եք». Վիճաբանություն ԱԺ-ում. «Ա1+»

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հեղինակած «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ մեծ վիճաբանություն սկսվեց, երբ սկսեց կարծիք հայտնել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «Հասկանալի է՝ ես այս գաղափարին կողմ եմ, հակառակը անբարոյական կլիներ իմ կողմից, սակայն նախագիծը արդեն երրորդ անգամ ենք քննարկում, իրավական տեսանկյունից որեւէ քննադատության չի ենթարկվում: Օրինակ՝ նախաքննությունը թափանցիկ չի կարող լինել, այն գաղտնի է: Թափանցիկ կարող է լինել շրջազգեստը, նույնիսկ ընտրությունները»:

Զարուհի Փոստանջյանը չդիմացավ եւ արձագանքեց. «Դուք ձեր դիտողությունները կարող էիք ավելացնել նախագծում, ու կխնդրեի հիմա իրավական գնահատականներ չտալ, քանի որ ձեւակերպումը ճշգրիտ ընտրված է ու իրավական գիտելիքների մասին դասախոսություններ կարդալու տեղը չէ սա: Այս նախագծի գոյությունը նաեւ ձեր մեղավորությունն է, որ այսօր այս խնդիրն ունենք, քանի որ դուք եք տարիներ շարունակ կոծկել նման դեպքերը, դուք խոշտանգումների հեղինակ եք»:

«Տիկնոջ վարքագիծը հայտնի է բոլորին, դրա համար ես կշարունակեմ: ես կոչ եմ արել, որ նա վերցներ մարտի 1-ի վերաբերյալ ՀԱԿ նախագիծը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ու այնտեղ ներառված խնդիրները, գործիքները օգտագործել: Նաեւ՝ մենք չենք պայմանավորվել, որ ես գրավոր առաջարկություններ պետք է անեի: Ես կողմ եմ գաղափարին, ուղղակի հարկավոր է այս փաստաթուղթը բերել իրավաբանական տեսքի, որ քվեարկելուց հետո, եթե հանձնաժողով ստեղծվի, այն կարողանա աշխատել»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

Իր եզրափակիչ ելույթում Զարուհի Փոստանջյանը նախ արձագանքեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի այն դիտողությանը, թե նրա նախագիծը դարակներում թողնված, փոշիների մեջ ընկած փաստաթուղթ է. «Պետք է ասեմ, որ այդ փոշին, որ դրվել է, դա ձեր տեղեկանքի վրա է դրվել, քանի որ տասնյակ տարիների է, քանի որ քննության առարկա չեն դարձել նշված գործերը, դրանց թվին է պատկանում նաեւ Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած քրեական գործը, որը գնաց, պտտվեց դատարաններում ու այդ գործի վերաբերյալ Եվրադատարանը որոշում կայացրեց՝ ՀՀ-ին հիսուն հազար եվրո տուգանել: Հազարավոր նախագծեր եք բերել, որոնք խմբագրման կարիք ունեին, սակայն տարել եք ԱԺ լիագումար նիստ՝ քննարկման ու ձեւավորել ձեր ճաշակը թափանցիկ շորերի վերաբերյալ: Սա իմ անձնական նախաձեռնությունը չէ, այլ բխում է հանրության պահանջներից է: Մեր զինված ուժերը պետք է կարգի բերենք, որ մեր զինվորների կյանքի գնով չպաշտպանենք մեր հայրենիքը, որ չօգտագործենք ութսունականների զենք»:

Արձագանքելով՝ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «Մենք ԱԺ նոր կանոնակարգի վրա ենք հիմա աշխատում, ես կոչ կանեմ որ այսուհետ, երբ պատգամավորը հերթագրվի հարց տալու համար, նախ հոգեկան հավասարակշռության մասին տեղեկանք ներկայացնի»: Նրա այս խոսքերի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը սկսեց ծափ տալ: «Ի գիտություն կընդունեմ»,- արձագանքեց  Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ ներկայացված նախագծում եղած անգրագիտությունները պետք է վերացվեն: «Անգրագետը դուք եք, եթե անգրագիտության մասին եք խոսում: Այս սուպեր գրագետ, հոգեպես հավասարակշիռ մարդկանց շնորհիվ (նրա խոսքն ուղղված էր Գագիկ Ջհանգիրյանին-խմբ.) մեր պետությունը հիսուն հազար եվրոյով տուժել է»,- բարկացած արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս