Նոր կառավարության ամենավատ մեկնարկը

Հարկային օրենսգրքի (ՀՕ) ընդունումը վարչապետ Կարեն Կարապետյանի նոր կառավարության ամենավատ մեկնարկն է։ Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը խաբել է, քանի որ, երբ ԱԺ անցած նստաշրջանն ավարտվեց, իշխանությունը, հանձինս և՛ կառավարության, և՛ ԱԺ մեծամասնության, խոստացավ, որ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ կստեղծվի մի խումբ, որը պարբերաբար կհավաքվի բոլոր առաջարկները քննարկելու համար։ Վ. Խաչատրյանի խոսքով՝ այս խմբում ընդգրկվելու համար անուն է տրվել նաև ՀԱԿ-ից, սակայն իրենց թեկնածուն ոչ մի անգամ չի հրավիրվել որևէ քննարկման։

«Այսինքն՝ հրապարակայնություն չի եղել, և չէր կարելի այդպես։ Սա, փաստորեն, նոր կառավարության ամենամեծ և ամենավատ նվերն է մեզ, քանի որ, ի վերջո, եկել եք, ոչ մի բանի չեք տիրապետում, և բերել եք այդ օրենքը։ Նշանակում է, որ նոր կառավարությունը ոչ մի բանով հնից չի տարբերվում, եթե Հարկային օրենսգիրքն է առաջ տանում։ ՀՕ են ընդունում՝ առանց կառավարության ծրագրի, երբ դեռ կառավարությունն ամբողջական ձևավորված չի։ Այդ կարևորագույն օրենսդրական փաստաթուղթը բերում են այսպես հրատապ՝ արտահերթով ընդունում են։ Ես համոզված եմ, որ այս կառավարությունը չի տիրապետում այդ ամենին, որևէ նոր նախարար հաստատ չի կարող իր բնագավառի համար գնահատական տալ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Այսինքն՝ սա անլուրջ է»,- ասաց Վ. Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս հրատապությունը նաև ցույց է տալիս, որ մի այլ ավելի կարևոր նշանակություն ունեցող համգամանք կա, որը կարող լինել միայն դրսից ճնշումը, այսինքն՝ պայմանավորվածություններ, որ եղել են նախկին կառավարության հետ, և որոնք այս կառավարությունը պետք է իրագործի.

«Էլի անեին, բայց ոչ այս ձևով։ Սա գողության նման է, հետին դռնից մտնելը գողություն է։ Նախ՝ արտահերթն ամենավատ մեթոդն է, որովհետև արտահերթի ամբողջ մեխանիզմը թույլ չի տալիս մարդկանց նորմալ ծանոթանալ, քննարկել նախագիծը, երկրորդ՝ աննախադեպ է նաև այն, որ ՀՕ-ի ամբողջական տարբերակը գրեթե մինչև ընդունումը չկար»։

Վ. Խաչատրյանը նկատեց, որ բոլորի համար հավասար պայմաններ սահմանելու փոխարեն՝ կառավարության բոլոր մոտեցումները տարբեր են, այսինքն՝ իրենք ոչ թե ընդհանուր պատկերացում ունեն, այլ ֆիսկալ նպատակներից ելնելով՝ թվեր են նկարում և փորձում են համոզել.

«Բայց ինչքան էլ գրագետ փորձեն ներկայացնել, Խաթաբալայի նման մեկին գտնեն, որ ամենատգեղին լավագույնս ներկայացնի, միևնույն է, իրենց խնդիրը մեկն է՝ ուղղակի հարկեր հավաքել, և ոչ թե՝ տնտեսություն զարգացնել»։

Տեսանյութեր

Լրահոս