
Սադամ Հուսեյնի պալատը վերածել են հնությունների թանգարանի

Իրաքի հարավ-արեւելքում գտնվող Բասրա քաղաքում Սադամ Հուսեյնի նախկին պալատը վերածել են հնությունների թանգարանի: Այդ մասին գրում է Luxury Listings-ը:
Թանգարանում ներկայացված են հազվագյուտ հնամենի իրեր, ներառյալ մետաղադրամներ և կավե ամաններ, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 400 թվականով: Տնօրենի խոսքով՝ ցուցադրանքի համար պալատն են ընտրել, որպեսզի բռնության մթնոլորտին փոխարինի մարդասիրությունը:
Ֆինանսական դժվարությունների պատճառով թանգարանում աշխատում է միայն մեկ սրահ, որի վերակառուցման համար ներդրել են 750 հազար դոլար: Միջոցների մի մասը նվիրաբերել են բրիտանական բարեգործական կազմակերպությունները:
Իրաքի նախկին ղեկավարն այս պալատում էր ապրում մինչեւ 2003 թվականին իր տապալումը: Հետագայում շենքում տեղավորվել էր բրիտանական բանակի ճաշարանը: