Բաժիններ՝

Էրդողանն առաջարկել է 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել շրջանային իշխանությունների ներկայացուցիչների առաջ, տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։

«Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով մենք խորհուրդ ենք տվել կառավարությանը ևս երեք ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Դա Թուրքիայի շահերից է բխում և օգտակար կլինի Թուրքիային։ Այդ ռեժիմի միայն 3 ամիսը, ինչպես երևում է, կարող է չբավարարել։ Վստահ եմ, ժողովուրդը կաջակցի որոշմանը»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև հայտնել է, որ «կառավարությունը կքննարկի և կգնահատի ռեժիմի երկարաձգման հեռանկարն ու որոշում կկայացնի»։

«Ի սկզբանե, երբ հայտարարեցինք հուլիսի 15-ից հետո արտակարգ դրության ռեժիմի մասին, ես ասացի, որ դա չի ազդի մեր քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ Ռեժիմի սահմանումն անհրաժեշտ է բացառապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համար»,- ասել է Էրդողանը։

Երեկ Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով էլ որոշվել է կառավարությանն առաջարկել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս