«Մալայզիական «Բոինգի» աղետի մեղավորները պետք է պատժվեն». Մոգերինի
Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավորների որոնման քննչական աշխատանքը անհրաժեշտ է ավարտել, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հանձնվեն արդարադատությանը։
Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը տեղադրված է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կայքում։
«Կարևոր է, որպեսզի քննիչները կարողանան ավարտել իրենց աշխատանքը, անկախ և մանրակրկիտ, որպեսզի երաշխավորեն, որ նրանք, որոնք պատասխանատու են МН17 չվերթի «Բոինգի» կործանման համար, ենթարկվեն պատասխանատվության և հանձնվեն արդարադատության ձեռքը»,- ասել է նա։
Մոգերինին նշել է, որ անկախ քրեական հետաքննության արդյունքները, որոնք ներկայացվել են քննչական խմբի կողմից սեպտեմբերի 28-ին, վկայում են կարևոր առաջընթացի մասին, որին հաջողվել է հասնել։
«Բոլոր պետությունները, որոնք կարող են օգնել հետաքննել ու հետապնդել այդ ողբերգության համար պատասխանատուներին, պետք է դա անեն, ինչպես պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2166 բանաձևը»,- հայտարարել է Մոգերինին։
Մալազիական Boeing-ը, որն Ամստերդամից մեկնում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի մարզում կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող 298 անձինք զոհվել էին:
Միջազգային խմբում ներառված են Նիդեռլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ, որոնք գործում են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի աջակցությամբ։
Մոսկվան հերքում է իր առնչությունը МН17 չվերթի ինքնաթիռի կործանմանը՝ դրա կործանման մեջ մեղադրելով ուկրաինացի զինվորականներին։