«Թարմ աչքով նայեք, որպեսզի իներցիայով ծրագրեր, որոնք ամեն տարի գալիս են, և չենք հասկանում՝ ինչ նպատակ ունեն, չբերեք». Կարեն Կարապետյանը՝ Լևոն Մկրտչյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հորդորեց ծրագրերին «թարմ աչքով նայել», քանի որ ոչ նպատակային հատկացումներ չեն արվելու: Այդ մասին վարչապետը նշեց, երբ Մկրտչյանը ներկայացնում էր 2017 թվականի Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը: Կարեն Կարեպետյանը հարցրեց, թե ի՞նչ գումարի մասին է խոսք գնում, ինչին ի պատասխան Մկրտչյանը պատասխանեց, որ ընդհանրապես տրամադրվում էր 1 մլրդ 840 մլն դրամ:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ծրագրեր էին իրականացվում ծրագրի շրջանակում: «Սրանք ոլորտային ծրագրեր են, մեծ մասը Պաշտպանության նախարարության համապատասխան ծրագրերն են, իսկ մեր մասով յուրաքանչյուր գիտակրթական կենտրոն ներկայացնում է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գիտատեխնիկական ծրագրեր, որոնք իրականացվում են և որոնց արդյունքները չափելի են: Բոլոր ոլորտները կան՝ Մատենադարանը, ակադեմիայի ինստիտուտները»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ հարցը պետք է լրացուցիչ քննարկել:
«Թարմ աչքով նայեք, որպեսզի իներցիայով ծրագրեր, որոնք ամեն տարի գալիս են, և չենք հասկանում՝ ինչ նպատակ ունեն, չբերեք: Մենք այդ հնարավորությունը, այդ փողը ծախսելու չունենք: Եթե դուք ասում եք՝ արդյունքները հաշվելի են, մեկ օր ժամանակ, մենք դրա մասին հանգիստ կզրուցենք: Մենք գոնե պետք է հասկանանք փիլիսոփայությունը, ինչ հայտանիշներով ենք ասում՝ այստեղ գումար դնում ենք, թե չէ»,- ասաց վարչապետը: