Բաժիններ՝

«Ինձ ինչո՞ւ չեն նշանակում առողջապահության նախարար». Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը կառավարության փոփոխությունից դրական սպասելիքներ ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ, եթե սպասելիքներ չունենանք, ուրեմն՝ չարժե ապրել.

«Կառավարության կազմի փոփոխությունը հավանում եմ, որովհետև եկան մի քիչ ավելի գրագետ մարդիկ, ինչը մեծ գրավականն է այն բանի, որ վաղն ինչ-որ ձևով տնտեսությունն իսկապես կբարեկարգվի, մշակույթին ու գիտությանն ավելի մեծ տեղ կհատկացնեն։ Աշխարհի բոլոր ազգերը, առաջին հերթին, ճանաչում ունեն իրենց մշակույթով, որովհետև այն ազգի դեմքն է։ Եթե մշակույթին ուշադրություն չի դարձվում, նշանակում է՝ ազգին ուշադրություն չի դարձվում։ Մեզ մոտ կաղում է մշակույթը, և կարծում եմ, որ նոր նախարարի գալով ինչ-որ բան կփոխվի»։

Նա ընդգծեց՝ Արմեն Ամիրյանը հաճելի դեմք ունի. «Դա շատ մեծ բան է, մի քիչ գեղեցիկ մարդ լինի, այ մարդ, թե չէ… հասկացաք»։

Լրագրողի հարցին՝ նախորդ նախարարը տգե՞ղ էր, նա պատասխանեց. «Այդպիսի հարց կտա՞ն։ Մի անգամ հարց եղավ, որ ասացի՝ պետք է գնամ Մշակույթի նախարարություն՝ այդ հարցը լուծեմ, Վարդան Պետրոսյանն ասաց՝ չհավատաս, տեղաշորի մոտ… դրանով ամեն ինչ ասվեց, էլի։ Լավ, մի խոսքով։ Հույս ունեմ, որ Ամիրյանը, որը քաջատեղյակ է մշակույթին, ինչ-որ ձևով կնպաստի, որ մեր մշակույթն առաջընթաց ունենա»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ փոփոխությունները տեսանելի են. «Երբ արդեն խորհրդարանում խոսք է գնում գողացված փողերի վերադարձի մասին, արդեն դրական բան է»։

168.am-ի դիտարկմանը՝ այդ հարցերը բոլոր կառավարություններն էլ բարձրացնում են, գործողություն չենք տեսնում, նա այսպես արձագանքեց. «Դե՛, հույս ունենանք, որ գոնե այս կառավարության դեպքում… Ախր, գիտե՞ք ինչ, եթե մենք անընդհատ թերահավատ լինենք, ուրեմն՝ արտագաղթը կշարունակվի, Հայաստանը 25-ամյակն արեց, 30-ամյակը կարող է՝ չանի, որովհետև էլ մարդ չմնա։ Հույսը մեռնում է նախավերջինը, որովհետև վերջինը մեռնում է մարդը»։

Լրագրողների հարցին՝ Հասմիկ Պողոսյանը 10 տարի նախարար էր, ինչո՞ւ ոլորտում էական փոփոխություններ տեղի չունեցան, ու հիմա հույսեր է փայփայում՝ Արմեն Ամիրյանի հետ կապված, նա պատասխանեց.

«Հասմիկ Պողոսյանն իր մասնագիտությամբ ո՞վ էր. կենսաբան էր։ Հիմա ինձ ինչո՞ւ չեն նշանակում առողջապահության նախարար, ես ռեժիսոր եմ։ Մեզ մոտ մի քիչ ֆայլաբազար է, ով ինչ ուզում՝ անում է։ Արմենը մշակույթին ծանոթ է, հույս ունեմ, որ ինչ-որ հետաքրքիր բաներ իսկապես կանի։ Մի անգամ Արմենի մասին ասացին՝ ոչ մի տեղ նա իր կարծիքը չի հայտնում, լուռ է. կան ռեժիսորներ, որոնք շատ երկար ու լավ են խոսում իրենց ապագա ներկայացման մասին, հետո այդ ներկայացումը նայում ես, տեսնում ես՝ զիբիլ է։ Եվ ընդհակառակը՝ ռեժիսորներ կան, որոնք ձայն չեն հանում, լուռ աշխատում են, գնում-տեսնում ես, որ որակյալ աշխատանք է արել։ Հիմա տա Աստված, որ նա ինչ-որ գործեր անի»։

Մշակույթի ոլորտում փոփոխություններ անելու առաջնային քայլը ռեժիսորը համարում է Հանրային հեռուստաընկերությամբ օրերս հեռարձակված «Ամենակարող երգիչ» նախագծի նման ծրագրերը վերացնելը.

«Չնայած՝ Ջաղինյանը նախագահի հետ զրուցել էր, ու բան չհասկացա՝ ինչ էր ասում։ Ինչո՞ւ ես այս ռաբիսը բերել-մտցրել… Մշակութային քաղաքականություն մեզ մոտ չկա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս