«Գյուղատնտեսությունը չի կարող մտածել միայն այն մասին, որպեսզի օրվա հացի հարց լուծի». Իգնատի Առաքելյան

«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ինչպե՞ս անեն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա և հարստանա, հավելյալ եկամուտ բերի։ Գյուղատնտեսությունը չի կարող մտածել միայն այն մասին, որպեսզի օրվա հացի հարց լուծի»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա նշեց, որ մշակվում է ռազմավարական ծրագիր, որում աջակցության ուղղություններ կլինեն։

Հարցին, թե այս պայմաններում, երբ գյուղացիների գումարները վճարված չեն մթերող կազմակերպությունների կողմից, կառավարությունը, բացի գյուղացիներին իր կոչից՝ զբաղվել բիզնեսով, ի՞նչ է պատրաստվում անել, նախարարը պատասխանեց, որ դա գյուղացիների և մթերողների երկկողմանի հարաբերություններն են. մթերողները նշում են, որ պայմանավորվել են գյուղացիների հետ. «Երբ խնդիր կլինի, խնդրին լուծում կտրվի՝ համապատասխանաբար՝ ըստ օրենքի։ Բայց եթե մենք այսօր գնանք նրան, որ դատարան տանք և մթերող ընկերություններին սնանկացնենք և ընդհանրապես ամեն ինչ փակենք, եթե դա է ձեր ցանկությունը, դա ելք չէ։ Ելքն այն է, որ իրենք երկուսով պետք է համաձայնության գան, թե ինչպես մարվի պարտքը, որպեսզի և գյուղացին շատ չնեղվի, և մթերողը լուծի իր ֆինանսական հարցերը»։ Նա նշեց նաև, որ այժմ բանաձև են փորձում մշակել, որով կմթերվի ավելցուկը։ Ըստ նախարարի՝ կան թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ ծրագրեր, և նախարարությունն այսօր երկուսի ուղղությամբ էլ աշխատում է։

Տեսանյութեր

Լրահոս