Բաժիններ՝

Фас!. Մարիա Զախարովայի պատասխանը՝ ՌԴ-ում ահաբեկչություններ կանխատեսող ամերիկացի դիվանագետին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր են Սիրիայից զինյալների հարձակումներ Ռուսաստանի քաղաքների վրա։

Զախարովան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը համեմատել է հարձակման հրամանի հետ («Фас!»):

Զախարովան մասնավորապես գրել է. «Մի քանի ճշգրտող հարց ամերիկացի գործընկերներին մինչ այն, երբ կհետևի պաշտոնական ռեակցիան։ Դրանով կզբաղվեն «չափավորնե՞րը»։ Նրա՞նք, որոնց Վաշինգտոնը կես տարի է, ինչ չի կարողանում տարանջատել «Ալ-Նուսրայից»։

«Ձեզ չի թվում, թե նման որովայնախոսությունը «պարկերով դիերի», «ռուսական քաղաքներում ահաբեկչությունների», «ինքնաթիռների կորսուստների» մասին ավելի շատ նման են «Ֆաս» հրամանի, քան դիվանագետի մեկնաբանությունների»,- գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Քիրբին քննադատել է Մոսկվային Դամասկոսին աջակցելու և Սիրիայի վրա հարձակվելու համար։

«Հետևանքներն այնպիսին են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի, ծայրահեղականները, ծայրահեղական խմբերը շարունակում են օգտվել Սիրիայում առկա իշխանական վակուումից՝ իրենց գործողությունները ընդլայնելու համար, որոնք, անկասկած, ներառելու են հարվածներ ռուսական շահերին, հնարավոր է, անգամ ռուսական քաղաքներին։

Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել իր զինվորականներին՝ պարկերի մեջ, և նրանք (ռուսաստանցիները) կշարունակեն կորցնել ռեսուրսներ, հնարավոր է, անգամ՝ ինքնաթիռներ»,- հայտարարել է Քիրբին՝ պատասխանելով Սիրիայում բռնության շարունակության դեպքում հետևանքների մասին հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս