Վստահորեն կարող եմ ասել, որ ղարաբաղցիներն են ագրեսիայի ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ֆրանսուա Ռոշբլուան
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը այս օրերին Առիթն օգտագործելով «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել է պարոն Ռոշբլուանին և նրա հետ կարճ հարցազրույց ունեցել, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
– Պարո՛ն Ռոշբլուան, ամեն անգամ Արցախ Ձեր այցը ոչ միայն սպասված է, այլև նշանավորվում է կարևոր իրադարձությամբ: Մի քանի խոսքով կպատմե՞ք Ձեր այցի մասին:
-Նախ, այս տարվա այցելությունը սկսեցինք հունիս ամսին, ապրիլյան դեպքերից հետո: Եկա նաև սեպտեմբերին` մասնակցելու ՀՀ անկախության 25-ամյակի տոնակատարություններին, դրանից հետո եկա Արցախ և մասնակցեցի Մարտունիում մանկապարտեզի բացման արարողությանը: Հանդիպել եմ նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և ֆրանսախոսների ակումբի անդամների հետ:
-Ֆրանսիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր է: Որպես ֆրանսիացի քաղաքական գործիչ՝ ի՞նչ գործողություններ եք տեսնում, որոնք գործնականում կարող են զսպել ադրբեջանական ագրեսիան: Ի դեպ, այդ երկրի ռազմական ագրեսիայի հետևանքով մի քանի օր առաջ սահմանին կրկին հայ զինծառայող է զոհվել:
– Ցավով եմ նշում, որ հաճախակի եմ լուրեր լսում, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել և դա արդեն ամիսներ, տարիներ շարունակ է: Շատ ցավով եմ հիշում ապրիլյան պատերազմը, որ երկու կողմերն էլ զոհեր ունեցան: Իհարկե, հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից ավելի շատ զոհեր են եղել: Բայց զոհը մնում է զոհ: Ցանկացաած կորուստ ցավալի է: Վստահորեն կարող եմ ասել, որ ղարաբաղցիներն են ագրեսիայի ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ես որպես պատգամավոր չեմ ասում, այլ որպես «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, որպես բազմակի անգամ այստեղ այցելած մարդ: Կցանկանամ, որ իմ այցով ինչ որ կերպ կարողանամ նվազեցնել Ադրբեջանի ագրեսիան: Իմ երազանքն է Արցախը տեսնել լիովին խաղաղ և դրանից կշահի նաև Ադրբեջանը: Շատ ավելի լավ կլիներ, եթե բանակի ու զինտեխնիկա գնելու համար ծախսվող բոլոր միջոցները ծախսվեին բնակչության կարիքների համար:
– Այս օրերին Արցախում ընթանում է սահմանադրական բարեփոխումների գործընթաց: Պարոն Ռոշբլուան, ծանո՞թ եք արդյոք հայեցակարգին և ինչ կարծիք ունեք իրավական այդ փաստաթղթի մասին:
-Անշուշտ, տեղյակ եմ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացից և հայեցակարգից: Ղարաբաղի իրավիճակում, երբ որ մշտական խաղաղություն չկա, ես մեծ հույս ունեմ, որ Արցախի բնակչությունը և կառավարությունը ճիշտ քայլեր կձեռնարկեն Ղարաբաղի լավ ապագայի համար: Իհարկե, իրավիճակը տարբեր է Հայաստանի համեմատ: ՀՀ-ն գնում է դեպի խորհրդարանական համակարգի: Իսկ, իմ կարծիքով, Արցախի պարագայում, քանի որ կա Ադրբեջանի թեման, նախագահական ռեժիմը կառավարման լավագույն մոդելն է:
– Համագործակցության ինչպիսի՞ նոր եզրեր եք տեսնում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում՝ երկկողմ բարեկամական կապերի հետագա խորացման համար:
-Իհարկե, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամները շատ մեծ ցանկություն ունեն, որպեսզի համագործակցեն Արցախի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Քույր քաղաքների միջև համագործակցության հուշագրերի ստորագրումն արդեն խորհրդանշում է հետագա կապերի զարգացման մասին: Ամեն անգամ, երբ Ղարաբաղից մարդ է գալիս, մենք անպայման «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներով ընդունում ենք, սա արդեն շատ բան է նշանակում: Շուտով ֆրանսերենի դասընթացներ կկազմակերպենք Շուշիի Եզնիկ Մոզյան ուսումնարանում: Հունվար ամսից կրկին կլինեն ֆրանսերենի դասընթացներ: Շատ կցանկանայի, որ մեր երկու երկրների միջև կապերը ավելի ուժեղանան, որի ուղղությամբ ես միշտ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ:
Հարցազրույցը՝ Գառնիկ Ալեքսանյանի