Մալայզիական «Բոինգի» վերաբերյալ զեկույցը «վերջնական ճշմարտություն» չէ․ Կրեմլ
Կրեմլում կարծում են, որ Միջազգային քննչական խմբի զեկույցը, որը վարում էր Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման հետաքննությունը, չի կարելի համարել «վերջնական ճշմարտություն»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բան չկա հասկանալու կամ հերքելու։ Դա նախնական եզրակացություն է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան HardTalk ծրագրի հաղորդավար Սթիվեն Սակուրի այն հարցին, թե արդյոք ընդունում է Մոսկվան քննիչների հայտարարությունն այն մասին, որ «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրը Ուկրաինա է բերվել Ռուսաստանից։
Նա նշել է, որ Մոսկվան ոչ մի ապացույց չի տեսել քննչական խմբի հայտարարություններում։
«Մեզ անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը։ Մենք չենք տեսել ոչ մի ապացույց։ Մենք չենք կարող վերջնական ճշմարտություն համարել այն, ինչ նրանք (քննիչները) ասում են։
Պատրաստ եմ գրազ գալ՝ դուք ոչ մի ապացույց չեք տեսել այդ հայտարարություններում»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Մոսկվան նախկինում ևս բացառել է, որ ինչ-որ սպառազինություն է մատակարարվել Ուկրաինային, ինչպես նաև այն, որ այդ երկրի տարածքում ռուսական զորքեր են գտնվում։
«Եվ մենք նախկինի պես բացառում ենք այդ հնարավորությունը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Երեկ Միջազգային քննչական խումբը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է Սնեժնոյե բնակավայրից՝ Ռուսաստանից բերված «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի «երկինք-օդ» հրթիռի կողմից։
Մալազիական Boeing-ը, որն Ամստերդամից մեկնում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի մարզում կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող 298 անձինք զոհվել էին:
Մոսկվան հերքում է իր առնչությունը МН17 չվերթի ինքնաթիռի կործանմանը՝ դրա կործանման մեջ մեղադրելով ուկրաինացի զինվորականներին։