Երուսաղեմում վերջին հրաժեշտն են տալիս Շիմոն Պերեսին
Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի հրաժեշտի արարողությունը մեկնարկել է Իսրայելի Կնեսետի շենքի առաջ գտնվող հրապարակում։
Պերեսի դագաղի մոտ ծաղիկներ են դրել Իսրայելի 10-րդ նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:
Պերեսի մարմինը նախօրեին Թել Ավիվից Երուսաղեմ էր տեղափոխվել։
Երկրի նախկին նախագահին կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել բոլոր ցանկացողները՝ այցելելով Կնեսետի հարևանությամբ գտնվող հրապարակ։
Երուսաղեմում սգո միջոցառումների անվտանգությունը ապահովելու համար ներգրավվել է 7 հազար ոստիկան։
Պերեսի հուղարկավորության պաշտոնական արարողությունը պլանավորված է վաղը ողջ աշխարհից ժամանած քաղաքական գործիչների մասնակցությամբ։
Իսրայելական Իններրորդ ալիքը հայտնել է, որ Պերեսին հրաժեշտ տալու համար Իսրայել կժամանի 80 երկրի պատվիրակություն։
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը մահացել է չորեքշաբթի գիշերը 94 տարեկան հասակում։