Աշխարհի պատանեկան առաջնություն. մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո
Տեղի ունեցան աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրի պարտիաները:
Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Մանուէլ Պետրոսյանը, ով այժմ վաստակած 4,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, իսկ Հակոբյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք 5-րդ տուրում այս ենթախմբում տեղի կունենա մրցաշարի կենտրոնական պարտիան, որում միմյանց դեմ կմրցեն մրցաշարում ամենաբարձր անհատական գործակիցներ ունեցող Մաքսիմ Վավուլինն ու Մանուէլ Պետրոսյանը:
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը տոնեց 5-րդ հաղթանակը և այժմ հինգ հնարավորից վաստակել է 5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Միրզոյանը վաստակել է 2,5 միավոր և ընթանում է 20-րդ հորիզոնականում:
Մինչև 14 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Արթուր Դավթյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 4 միավորով կիսում է 4-7-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանը 5-րդ տուրում պարտվեց և վաստակած 3 միավորով ընթանում է 23-րդ հորիզոնականում: Այս ենթախմբում աղյուսակը միանձնյա գլխավորում է 5 միավոր վաստակած Սեմյոն Լոմասովը:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 4 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Այստեղ աղյուսակը միանձնյա գլխավորում է Ցոլակիդու Ստավրուլան: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Ղուկասյանի մրցակիցն է լինելու հենց առաջատար Ցոլակիդուն:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Արփինե Գրիգորյանը վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4,5-ական միավոր վաստակած Օլիվիա Կիոլբասան և Հագաբանե Ականկշան:
Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը և իր ակտիվում գրանցած 2,5 միավորով ընթանում է 39-րդ հորիզոնականում: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ժու Յիները և Ելիզավետա Սոլոժենկինան: