«Ինձ ուղղակի զանգահարել՝ ասել են՝ այսպիսի ակցիա ենք ուզում անել, ես էլ ասել եմ՝ ուզում եք՝ կազմակերպեք». Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորում բաժանված ակնոցների մասին

Այսօր լուրեր տարածվեցին, որ Գյումրիում և Վանաձորում ընտրություններին ընդառաջ օպտիկական ակնոցներ ու գումար է բաժանվում:

168.am-ի հետ զրույցում Վանաձոր քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանն ասաց, որ լսել է նման երևույթների մասին, բայց հստակ որևէ բան չգիտի, քանի որ զբաղված է քարոզարշավով:

«Ես անընդհատ դրսում եմ, պարզապես նման տեղեկություն ունեմ, որ ինչ-որ բաներ բաժանում են։ Գումար բաժանելու հետ կապված էլ զրույցներ անընդհատ լսում ենք, բայց կոնկրետ չեմ կարող ասել՝ ով, ինչպես, ինչքան, որտեղ։ Ուղղակի քաղաքից այդ խոսակցությունները հասնում են նաև մեզ»,- ասաց նա։

Հարցին՝ ընտրություններից մի քանի օր առաջ նման ակցիաների կազմակերպումն ի՞նչ հետևանք կարող է ունենալ, նա պատասխանեց. «Վանաձորցիները սովորել են՝ վերցնում են գումարը, խոստանում են երկրորդին, ընտրում են երրորդին։ Այնպես որ, ոչ մի այլ մեթոդ չի աշխատում Վանաձորում»։

Մինչդեռ Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանն ավելի տեղեկացված էր. «Այսօր ինչ-որ բարեգործական ակցիաներ որ կատարվել են, որևէ քաղաքական կամ կուսակցական ուղղվածություն չեն ունեցել։ Համերգ էլ է եղել,  ու բոլոր կուսակցություններից ներկա են եղել։ Հետևաբար՝ դա մեզ հետ կապել չի կարելի»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ է կազմակերպել այդ բարեգործական ակցիաները: «Այդ բարեգործական ակցիան այստեղի կազմակերպություն չի կազմակերպել, ինձ ուղղակի զանգահարել՝ ասել են՝ ի՞նչ կարծիքի եք, այսպիսի ակցիա ենք ուզում անել, ես էլ ասել եմ՝ ուզում եք՝ կազմակերպեք։ Բայց այնպես չի եղել, որ ասեն՝ ՀՀԿ-ն է կազմակերպել, կամ Մամիկոնը, եթե չընտրեք՝ չենք տա։ Նման բաներ չեն եղել։ Ընտրությունների հետ ուղղակի համընկել է։ Որևէ ակցիա քաղաքական ուղղվածություն չի ունեցել»,- ասաց նա։

Նկատենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ օպտիկական ակնոցների «ակցիան» կազմակերպվել է իշխող կուսակցության կողմից, իսկ գումար բաժանել են ոչ իշխանական ուժերը։

Տեսանյութեր

Լրահոս