«Թող ների ինձ հին վարչապետը, ինձ համար հին կառավարությունը բոլորովին ընդունելի չէր». Արշակ Սադոյանը՝ նոր վարչապետի և կառավարության մասին

Օրերս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի (ՀԽ) անդամներին: Թե ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ խնդիրներ են բարձրացվել հանդիպման ժամանակ. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեցին Հանրային խորհրդի անդամներ՝ ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը և «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ ղեկավար Կարինե Դանիելյանը:

Ասուլիսին հրավիրված երկու բանախոսներն էլ, պարզվում է, բաց են թողել վարչապետի հանդիպումը ՀԽ անդամների հետ, բայց այս առնչությամբ ասելիք ունեին:

«Ստեղծվել է խիստ վտանգավոր, անընդունելի, նույնիսկ կործանարար մի իրավիճակ, երբ ուղղակիորեն անհրաժեշտ է ստեղծել, այսպես կոչված, կոլեկտիվ ջանքերով փոսից դուրս գալու իշխանություններ: Ազգային համագործակցության կառավարություն ստեղծելու խնդիրը դարձել է խիստ հրատապ, և հասկանալի է, որ այս մասին պատկերացում ունեն նույնիսկ Հանրապետական կուսակցության ներսում որոշ ներկայացուցիչներ, պետք է խորհուրդ տալ, որ ընդդիմադիր կուսակցություններից ներկայացուցիչներ լինեն»,- իր մտահոգությունը հայտնեց Արշակ Սադոյանը:

Ստեղծված ծանր իրավիճակից ելքեր փնտրել գտնելու համար՝ նույնիսկ ամիսներով, տարիները քիչ են, բանախոս Արշակ Սադոյանի մեկնաբանմամբ՝ իրավիճակը խիստ բարդ է. ելքը կարելի է գտնել միայն կոլեկտիվ, ազգային համագործակցության ջանքերով, այն էլ ոչ միայն՝ հայաստանաբնակների, այլև՝ ողջ հայության համախմբման արդյունքում.

«Այս տեսակետից բնական է, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն իրենց պատկերացումները ներկայացնեն, որն ազգային համագործակցության կառավարությունը փորձի ի մի բերել, համախմբել այդ պատկերացումները և ստեղծել իսկապես փրկության ծրագիր: Քանի որ կառավարությունը նոր վարչապետի նշանակումից հետո երկամսյա ժամկետում պարտավոր է ներկայացնել այդ ծրագիրը, բնական է, մենք՝ Հանրային խորհրդով, փորձեցինք վարչապետին ներկայացնել մեր պատկերացումները»:

Առաջիկայում վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ծրագրվում է Հանրային խորհրդի ողջ կազմի հետ նոր հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև Արշակ Սադոյանի տարիներ շարունակ առաջարկվող մի նախաձեռնություն.

«Պետք է ողջ աշխարհով մեկ ստեղծել «Ազգ» կազմակերպություն, որն իր մեջ կներառի 11 մլն, մի ուժ, որը կկարողանա օգտագործել համաշխարհայնացման արդի նպաստավոր պայմանները և կձևավորի համաշխարհային կառավարության նման մի բան, որը կփորձի իրականության կոչել այս պատկերացումները: Հայերը հնարավորություն կունենան՝ իրենց ստացած լրացուցիչ եկամուտներից գոնե ամսական մի դոլարի չափով ազգային տուրք մուծել, և սա կբավականացնի, որ այդ համաշխարհային կառավարությունը կարողանա սկսի գործել»:

Արշակ Սադոյանը, օգտագործելով լրագրողների հետ հանդիպման առիթը, հանդես եկավ կոչով.

«Ես դիմում եմ, կոչ եմ անում առաջին հերթին՝ ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին, նաև մնացած բոլոր քաղաքական ուժերին, եթե դուք, այսպես ասած՝ դատարկ չեք, ասելիք ունեք այս երկրի փրկության համար, առաջարկեք ձեր ծրագրերը, ներկայացրեք նոր կառավարությանը, և, եթե նոր կառավարությունը չընդունի, բայց դուք համոզված լինեք, որ ձեր առաջարկները լավն են ու օգտակար, ապա, փառք Աստծո, առաջիկայում՝ գարնանը, ԱԺ ընտրություններն են, փորձեք օգտագործել այդ առիթը: Բայց եթե ընդհանրապես ասելիք չունեք ու նախապես հայտարարում եք՝ ինչպես նախագիծ առաջարկենք մի կառավարությանը, որն այն չի էլ ընդունելու, ախպեր, ներկայացրեք, կտեսնենք՝ կընդունի՞, թե՞ ոչ: Սա կբերի քաղաքական ակտիվության աճին մի երկրում, որտեղ հիմա սարսափելիորեն պետք է արձանագրենք, որ չունենք քաղաքական դաշտ»:

Խոսելով նոր կառավարության կազմի և դրանից սպասելիքների մասին՝ Արշակ Սադոյանը նշեց.

«Ես ինքս մշտապես խուսափել եմ նեղ անձնականացման գործընթացից՝ ամեն ինչ կապել կոնկրետ անձի հետ: Իհարկե, մարդիկ խիստ կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի՞ ծրագրով են նրանք եկել ու ի՞նչ են անելու: Ի՞նչ ծրագիր է, ի վերջո, ընդունելու նոր կառավարությունը… սրանից պարզ կդառնան իմ սպասելիքները նրանից: Ինչ վերաբերում է կոնկրետ նշանակումներին՝ այն, ինչ ես առայսօր տեսել եմ՝ ուղղված է պրոֆեսիոնալ կառավարության ձևավորմանը, քան այստեղից-այնտեղից լսված ռեկամենդացիաների իրականացմանը: Այս ճանապարհը շատ ավելի ընդունելի է: Թող ների ինձ հին վարչապետը, ինձ համար հին կառավարությունը բոլորովին ընդունելի չէր, իսկ նոր կառավարությունը բավական օգտակար կարող է լինել»:

Տեսանյութեր

Լրահոս