Հայ-թուրքական սահմանի բացման հարցում հիմնական խոչընդոտները

«Քաղաքացիական համաձայնություն» հ/կ-ն Երևանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ սկսել է իրականացնել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ և հեռանկարներ» ծրագիրը, որը հովանավորում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Ծրագրի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 24-ին՝ Ծաղկաձորում, որին մասնակցում էին հայաստանյան կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների շուրջ 40 ակտիվ երիտասարդներ։ Ի դեպ, Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) հրավեր է ուղարկվել, բայց Հայաստան-Թուրքիա արձանագրությունը ստորագրած ուժը նպատակահարմար չի գտել մասնակցել սեմինարին։

Հենց սկզբից սեմինարի ընթացքում նշվեց, որ այն նպատակ չունի հաշտեցման գործընթացին անդրադառնալու, այլ պարզապես խոսելու են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա փուլի, կնճռոտ խնդիրների մասին։

ՀՀ ո՞ր կուսակցություններն իրենց ծրագրային պլատֆորմի արտաքին քաղաքական օրակարգում կներառեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները

Հայաստանում ԱԺԻ ծրագրերի քաղաքական և քաղաքացիական հարցերով խորհրդատու Գեղամ Սարգսյանից նախ պարզեցինք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շփումներ հաստատել թուրք գործընկերների հետ. «Թուրքիայում կան խողովակներ, որոնց միջոցով ուզում ենք խոսել. մեկը Ստամբուլի համալսարանն է, որտեղի ուսանողներից շատերը տարբեր հ/կ-ների անդամներ են։ Բացի այդ,  NDI-ը տարբեր լսարաններ է ունեցել Անկարայում, չնայած՝ կուսակցությունների հետ չի աշխատում, սակայն Առաջնորդների դպրոցը բավականին լավ լսարան է։ Բայց Թուրքիայում իրավիճակ է փոխվել ու հնարավոր է՝ շատ մարդիկ, վախի մթնոլորտի տակ, մտածեն՝ նպատակահարմար չէ այսպիսի բանի մասնակցելը»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ծրագիրը կազմակերպելու նպատակն է՝ հանգել նրան, որ երկու հասարակություններն էլ իրազեկ լինեն. «Խորը վերլուծություն կամ սոցհարցում մինչև հիմա չի եղել, թե բնակչության որ մասն է հետաքրքրված Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալով։ Այստեղ հավաքված են ապագա որոշումներ կայացնողները (նկատի ունի սեմինարի մասնակիցներին.- Ռ.Մ.), որոնք ավելի ճկուն են ու կարող են ալտերնատիվ լուծումներ առաջարկել, որոնք էլ  հասարակական դիվանագիտության և շփումների մեջ կարող են արդյունք տալ։ Երիտասարդները շատ հետաքրքիր լուծումներ են տալիս, թե ինչպես կարելի է սայլը տեղից շարժել։ Եթե այն հայեցակարգերը, որոնք փորձում ենք այստեղ մշակել, շրջանառության մեջ դրվեն, շատ հնարավոր է, որ պետական խողովակների ուշադրությունն էլ կենտրոնանա դրանց վրա։ Այսինքն՝ այստեղ պետք է հայեցակարգեր մշակվեն, որոնք շրջանառության մեջ կդրվեն և՛ համացանցով, և՛ ԶԼՄ-ներով, և այլն։ Շատ կուզենայի, որ արդյունքն այն լիներ, որ մինչև խորհրդարանական ընտրություններն այս կուսակցությունները գոնե իրենց պլատֆորմի մեջ ունենան արտաքին քաղաքական օրակարգ, որոնց մեջ կլինեն նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»։

Նրա խոսքով՝ շատ կուսակցություններ լիբերալ են այդ հարցում, մյուսներն էլ նախապայմաններ ունեն կամ կարծր դիրքորոշումներ. «Բայց սա կոալիցիոն շինարարության պրոցես է»։

«ՆԱՏՕն արդեն որոշել է՝  Սև ծովը ռուսթուրքական ծով չի լինելու»

Սեմինարի բանախոս, Տարածաշրջանային  հետազոտությունների կոնտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը նախ՝ ներկայացրեց Թուրքիայում տիրող իրավիճակը, անդրադարձավ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությանը, նկատեց, որ Էրդողանի կառավարման ընթացքում այլ Թուրքիայի հետ գործ ունենք, և, որ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո այնտեղ իրավիճակ է փոխվել։

«Քեմալիստական Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններն էին՝ ռազմավարական հարաբերություններ ԱՄՆ-ի, Իսրայելի հետ, և ԵՄ անդամակցությունը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր։ Սա էր մինչէրդողանյան Թուրքիայի արտաքին քաղաքական անհրաժեշտությունը։ Այսօր դրանցից ոչ մեկը չկա։ ԵՄ-ի հետ բանակցություններն իրենց համար զուտ ձևական բնույթ են կրում. թուրքերը շատ լավ գիտեն, որ իրենց չեն ընդունելու։

Հարաբերությունները լարվել են նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Մոտ 13-14 տարի է՝ Ռուսաստանն ու Թուրքիան ապահովում են Սև ծովի անվտանգությունը, ու նույնիսկ ռուս-թուրքական լարվածության շրջանում որևէ խնդիր չառաջացավ նրանց մեջ այդ հարցում։  Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության ժամանակ այդ հարցը միայն մի անգամ շոշափվեց, Էրդողանը մի անգամ ասաց, որ Սև ծովը Ռուսաստանի ներքին ծովը չի լինելու, ու անցավ-գնաց։ Սա կարևորագույն խնդիրն է, որտեղ Թուրքիան փորձելու է իր խաղը խաղալ, որովհետև ՆԱՏՕ-ն արդեն որոշել է, որ Սև ծովը ռուս-թուրքական ծով չի լինելու։ Այդ որոշումն ընդունված է։ Ի՞նչ արագությամբ ու ինչպե՞ս դա կանեն, այլ հարց է, ՆԱՏՕ-ում շատ լարված մտածում են, դանդաղ գործում։ Սրա մասին մամուլում գրեթե ոչինչ չկա»։

Ըստ Դ. Շահնազարյանի՝ մամուլում չեն գրում նաև այն մասին, որ թուրք գործարարները փախչում են Թուրքիայից. «Գյուլենականության պիտակը որ կպցնում են, մարդկանց, բավական չէ, կալանավորում են, ոչ փաստաբան կա, ոչ բան, դեռ ավելին՝ սեփականությունն են խլում»։

Թե որո՞նք են այսօրվա  Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ըստ Դ. Շահնազարյանի՝ ոչ ոք չգիտի. «Էրդողանն էլ չգիտի։ Թուրքիային չափազանց  անհրաժեշտ էր ռուս տուրիստների վերադարձը, դա արեցին։ Էրդողան-Պուտին  հանդիպման ժամանակ ընդամենը երկու հարցում պայմանավորվեցին՝ «Թուրքական հոսք» և ատոմակայանների կառուցում։ Երկուսն էլ խիստ կասկածելի նախագծեր են։ Ուզում եմ հիշեցնել, որ «Թուրքական հոսքը» դադարեցվել էր մինչև Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը»։

Բանախոսն ընդգծեց՝ Թուրքիան հիմա իսլամանում է. «Էրդողանը մայրաքաղաքն էլ է տանելու Ստամբուլ, որովհետև ինքն իրեն պատկերացնում է Օսմանյան կայսրության հետևորդ»։ Նրա կարծիքով՝ մեզ ձեռնտու է ունենալ կանխատեսելի ու կայուն Թուրքիա. «Ցավոք, որպես մեր հարևան, մենք ունենք ոչ կայուն, բավական անկանխատեսելի Թուրքիա։ Այնտեղ կա անձի պաշտամունք, դիկտատուրայի ձգտում։ Ստամբուլում ինձ մոտ այն տպավորությունը եղավ, որ, եթե հեղաշրջման փորձը հաջողեր, իշխանությունը վերցնեին, շատ արագ տապալվելու էին։ Հասարակությունն այդպիսին էր»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքին, ապա, ըստ Դավիթ Շահնազարյանի՝ այն միշտ պետք է իշխանության կողքին լինի. «Աթեշյանին մեղադրում էին, թե Գերմանիայում ընդունված բանաձևից հետո ինչո՞ւ է նման բան գրել. ես չեմ մեղադրում, ինքը միայն իր համար չէր պատասխանատվություն կրում, այլ ամբողջ հոտի։ Եկեք այդքան չքննադատենք այդ մարդուն, բա նման երկրում են ապրում»։

Դավիթ Շահնազարյանը խոսեց նաև հայ-թուրքական և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբերության մասին. «Առաջին դեպքում խոսքը հաշտեցման մասին է, որտեղ սփյուռքը ևս դեր ունի, այստեղ կա նաև Ցեղասպանության հարցը։ Բայց հաշտեցման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններում տեղաշարժ չկա։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը մեր պետության, մեր քաղաքացիների գործն է, այստեղ սփյուռքը դեր չունի»։

«Հայ-թուրքական սահմանի բացման հարցում հիմնական խոչընդոտը մնում է Ադրբեջանի դիրքորոշումը»

Սեմինարի մեկ այլ բանախոս՝ թուրքագետ, «Նորավանք» հիմնադրամի վերլուծաբան Հայկ Գաբրիելյանի խոսքով՝ վերջին 15 տարում Թուրքիան մեծ տնտեսական վերելք է ապրել.

«Արտահանումն է կտրուկ աճել,  Թուրքիան G20-ի անդամ է։ Հիմա  էլ Էրդողանը ցանկանում է ստեղծել քաղաքական G20, առաջարկում է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի Թուրքիան նույնպես ներգրավվի այնտեղ։ Վերջին 15 տարում Թուրքիայում կտրուկ սրվեց Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված պայքարը, որին Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Այդ պայքարը դադարել էր 1999թ.-ին»։

Թեև սեմինարի մասնակիցների կողմից հարց բարձրացվեց, որ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուի «Զրո խնդիր հարևանների հետ» թեզը տապալվել է՝ վերածվելով «զրո հարևանության», սակայն, ըստ թուրքագետի, այդ քաղաքականությունը չի տապալվել.

«2009թ., երբ Թուրքիայում ԱԳ նախարար դարձավ Ահմեդ Դավութօղլուն, որն այդ քաղաքականության ճարտարապետն էր, սկսեց ակտիվ դիվանագիտական շփումներ իրականացնել հարևան երկրների հետ և մեծապես կարգավորեց, ամրապնդեց հարաբերությունները հարևան երկրների հետ (Բուլղարիա, Հունաստան, որոշ առումով՝ Կիպրոս, Իրան, Սիրիա)։ Անգամ քայլեր  ձեռնարկվեցին Հայաստանի ուղղությամբ։ Բայց պետք է հասկանանք, որ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն ավարտվեց, և սկսվեց Թուրքիայի նեոօսմանիստական քաղաքականությունը։ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ, եթե իրենք կարողանան կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, ապա կստանան արտաքին ակտիվ քաղաքականություն վարելու, մանևրելու լավ դաշտ։ Թուրքիան, Դավութօղլուի շնորհիվ՝ ստացավ այդ դաշտն ու անմիջապես անցում կատարեց նեոօսմանիզմի քաղաքականությանը. սկսեց միջամտել հարևան երկրների գործերին, և այլն։ Դրան  նպաստեց նաև 2011թ. «Արաբական գարունը»,  և Թուրքիան՝ որպես տարածաշրջանի գերտերության հավակնող երկիր, նաև ստիպված էր արտահայտվել այս կամ այն երկրի իրադարձության առիթով»։

Ըստ Հ. Գաբրիելյանի՝ Թուրքիան նորից ժամանակավորապես վերադառնում է «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը, որպեսզի վերստին ստանա այն մանևրային լայն դաշտը, որը  կորցրեց նեոօսմանիստական քաղաքականության հետևանքով. «Ես այդ փոփոխությունները չեմ կապում Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի անձի հետ, նրան համարում եմ Էրդողանի դրածո, կարծում եմ՝  հենց Էրդողանը հասկացավ, որ պետք է  ժամանակավորապես ստանալ այդ արտաքին մանևրային լայն դաշտը, որպեսզի նորից ակտիվանա»։

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին՝ թուրքագետը նշեց, որ դա դառնում է արտաքին քաղաքականության  համար կարևոր ջրբաժան-ցուցիչ Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար.

«Թուրքիայի իշխանություններն այժմ առաջնորդվում են նրանով, թե այդ հեղաշրջման ժամանակ որ երկրից են ստացել աջակցություն։ Իրանն ու Ռուսաստանն այդ հարցում միանգամից աջակցել են Թուրքիային, ու այժմ Թուրքիան նրանց է  համարում, այսպես ասած, ընկերներ։ Իսկ Ադրբեջանի իշխանություններն այդ կապակցությամբ լռել են։ Նրանք տեսել են, որ հեղափոխությունը ձախողվում է, նոր արտահայտվել են ու իրենց աջակցությունը հայտնել։ Իսկ այս ռազմական հեղաշրջման փորձի տապալումը Թուրքիայի իշխանությունները որակել են, ոչ ավել-ոչ պակաս, երկրորդ ազատագրական պատերազմի հաղթանակ։ Առաջինը դիտարկվում է քեմալական շարժման հաղթանակը, ու սրանով Էրդողանը մի հարթակի վրա է դրվում Քեմալ Աթաթուրքի հետ»։

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարություններին, որ Թուրքիայի հետագա բոլոր ծրագրերը, այդ թվում՝ տնտեսական, կապված են  3 թվականի հետ, թուրքագետը նշեց.

«Նա խոսում է 2023, 2053,2071 թվականների մասին։ 2023թ-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրերորդ տարին է, և եթե Էրդողանը 2019թ. վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, ապա այդ թվականը կդիմավորի Թուրքիայի նախագահի կարգավիճակով, ընդ որում՝ բավականին լայն լիազորություններով նախագահի կարգավիճակով։ 2053թ. օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակն է, իսկ 2071թ.-ը՝ սելջուկների կողմից Բյուզանդական կայսրության Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթության 1000-րդ տարին է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Էդրողանը պատմական հստակ ջրբաժաններ է առաջ քաշում՝ սկսած սելջուկներից, շարունակելով օսմաններով և վերջացնելով հիմիկվա թուրքերով»։

Իսկ հայ-թուրքական սահմանի մասով թուրքագետը նշեց, որ սահմանի բացման հարցում հիմնական խոչընդոտը մնում է Ադրբեջանի դիրքորոշումը.

«Թուրքիան չի ցանկանում վտանգի տակ դնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ բազմաթիվ առումներով այդ հարաբերություններն ավելի շահեկան են։ Օրինակ՝ ներկայումս Ադրբեջանը Թուրքիայի թիվ երրորդ գազամատակարարն է, Թուրքիան ամենաէժան գազը ստանում է Ադրբեջանից։ 2-3 տարի անց Ադրբեջանը կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանին՝ կապված TANAP գազատարի կառուցման հետ»։ Նա նաև նկատեց, որ Ադրբեջանի ներկայիս ֆինանսական դժվարությունները, Ադրբեջանից Թուրքիայի ներդրումային կախվածության նվազումը կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման վրա։

Ծրագիրը տևելու է 11 ամիս, որի ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ բաց հարցեր գուցե ստանան իրենց պատասխանները, մասնավորապես՝ տնտեսական առումով ի՞նչ կշահի Հայաստանը սահմանի բացումից, ի՞նչն է ավելի կարևոր Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններում. դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմը, թե՞ սահմանների բացումը։

Տեսանյութեր

Լրահոս