«Ինչպես Հնդկաստանից են այցելում Հայաստան, այնպես էլ Հայաստանից կայցելեն Հնդկաստան». Ռուբան Հոդբայ

Սեպտեմբերի 28-30-ը եռօրյա այցով Հայաստանում է լինելու Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը, որում ընդգրկված են 11 կազմակերպությունների ղեկավարներ։ Այցի շրջանակներում այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ, կազմակերպել էր գործարար համաժողով, որի ժամանակ Զարգացման հայկական գործակալության նախկին ղեկավար Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ Հայաստան ժամանած գործարարների խումբն ընդգրկում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների. սկսած զբոսաշրջությունից՝ վերջացրած շինարարությունով։

«Հայաստանն իր գործընկերներին առաջարկում է ԵՄ-ի հետ բավականին հեշտացված առևտրային ռեժիմ, մասնավորապես՝ մենք մասնակցում ենք GSP+ առևտրային ռեժիմին ԵՄ-ի հետ, որը ենթադրում է Հայաստանում արտադրված մոտ 6400 ապրանքատեսակների՝ առանց մաքսատուրքերի մուտք դեպի եվրոպական շուկա։ Բացի դրանից, Հայաստանն այս պահին իրականացնում է ենթակառուցվածքային ծրագրեր, որոնցից կարևորագույնը «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային ծրագիրն է։ Այն շատ կարևոր է Հնդկաստանի հետ համագործակցության համար, քանի որ մենք ուզում ենք դառնալ տարանցիկ երկիր այն ապրանքաշրջանառության համար, որը հարավից՝  Պարսկաստանի միջոցով, կարող է գալ և Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի ԵՏՄ և եվրոպական շուկաներ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ներկա հնդկական ընկերություններից շատերը մասնակցելու են նաև DigiTec ցուցահանդեսին։

Հնդկաստանի պատվիրակության անդամ Ռուբան Հոդբայն ընդգծեց, որ պատրաստվում են պայմանագիր ստորագրել, որը հնարավորություն կընձեռի հետագա համագործակցության ու երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար. «Ինչպես Հնդկաստանից են այցելում Հայաստան, այնպես էլ Հայաստանից կայցելեն Հնդկաստան՝ համագործակցելու նպատակներով»։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ ամեն ինչ անելու են երկկողմ հարաբերություններն ավելի լավացնելու ուղղությամբ. «Այն ծավալները, որ կան Հայաստանից՝ Հնդկաստան և հակառակ ուղղություններով, շատ տարբեր են։ Հայաստանն ավելի շատ ներմուծում է Հնդկաստանից, քան արտահանում է։ Հուսով եմ՝ այս հանդիպումը մեր համագործակցությունն ավելի կխորացնի»։

Տեսանյութեր

Լրահոս