Առաջիկայում ԱԺ կներկայացվի ապօրինի հարստացմանը վերաբերող օրինագիծ
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն նպատակ ունի կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի ոչ պատշաճ իրականացման կամ կարգի չպահպանման կամ ժամկետներում չներկայացվելու իրավահարաբերությունները։ Նա հայտնեց, որ այս նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, և առհասարակ այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել հարաբերություններ, որոնք վաղուց ՀՀ-ում նյութական իմաստով կարգավորված էին, բայց հետևանքային առումով՝ ոչ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ մենք արդեն 12 տարի` գույքի, եկամուտների, ունեցվածքի հաշվառումը կատարում ենք. «Դուք ձեր նախագծով ոչ միայն վարչական ներգործության միջոցներն եք վերականգնում, այլև քրեաիրավական ներգործության միջոցներ եք առաջարկում։ Ես մանրամասնորեն ծանոթացել եմ նախագծին, և՛ քրեաիրավական, և՛ վարչական դիսպոզիցիաները գրագետ ձևակերպված են»։
Գ. Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե այս հաշվառման իմաստը ո՞րն է, սրա արդյունքն ի՞նչ պետք է լինի. «Մենք 12 տարի հաշվառել ենք, գիտենք՝ ով ինչ ունի, ի վերջո, այս ամբողջ հաշվառման իմաստը ո՞րն է։ Մենք 2015 թվականի ապրիլին մի նախագիծ ներկայացրեցինք, որով փորձում էինք այս հաշվառման արդյունքները պրակտիկ կենսագործման դաշտ բերել։ Մասնավորապես, նախատեսված է, որ Էթիկայի հանձնաժողովը հայտնաբերում է էական տարբերություն գույքի, եկամուտների և այլնի միջև, պետք է համապատասխան օպերատիվ, հետախուզական, դատախազական մարմիններին որոշակի ուսումնասիրության նյութ ներկայացներ։ Կառավարությունը բացասական կարծիք ներկայացրեց դրան։ Լավ, ես հիմա սրան կողմ եմ, բայց կառավարությունն ի՞նչ է նախատեսում, վերջն ինչքա՞ն պետք է այս հաշվառումը տարվի և որևէ պրակտիկ ելք չունենա։ Մարդիկ վերջը պետք է հասկանան, որ ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է»։
Ա. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Գ. Ջհանգիրյանը շատ իրավացի հարցադրում է բարձրացնում։
«Ես ուրախ եմ այսօր այս ամբիոնից հայտարարել, որ կարծում եմ, որ առաջիկայում խորհրդարանը հնարավորություն կունենա քննարկելու այն նախագիծը, որի վերաբերյալ խոսում է պարոն Ջհանգիրյանը։ Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, մասնավորապես, ապօրինի հարստացմանը վերաբերող։ Կոռուպցիայի խորհրդի կողմից տրված հանձնարարականներին համապատասխան՝ Արդարադատության նախարարությունում մշակվում են համապատասխան փաթեթներ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, վեր է հանվել ամբողջ միջազգային փորձը, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը, և նրան զուգահեռ՝ մի շարք այլ գործիքների վերաբերող իրավական ակտերին, որոնք բոլորը միասին անհրաժեշտ և բավարար են ձեր կողմից ասված հաշվառման խնդիրը լուծելու, դրա համար իրավական հետևանքներ նախատեսելու, համապատասխան պետական իրավական մարմիններին հնարավորություն ընձեռելու, որպեսզի նրանք գործառույթներ իրականացնեն»,- նշեց նա։