Գյումրին ընդդիմադիր չէ. Սուքիաս Ավետիսյան
Գյումրիում քարոզարշավը շարունակվում է, նորմալ մրցակցություն կա, լարվածություն չկա: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այս րոպեին դեռևս հայտնի չէ, թե ինչ արդյունք կլինի, որովհետև բոլոր թիմերն էլ աշխատում են, և որոշակի պարզ կդառնա 2-3 օրից: Նա հույս հայտնեց, որ իրենց կուսակցությունը ներկայացնող Բալասանյանի դաշինքն առավելություն կունենա:
«Մենք ունենք քաղաքական թիմ, որը հաղթելու պարագայում ունի երկու խնդիր` կամ միանգամից 40% հաղթահարենք, որ բոնուս ստանալով՝ ընտրենք քաղաքապետ ու ձևավորենք թիմ: Եվ որպես այդպիսին՝ մեծամասնություն լինելու խնդիր, կարծես, թե չունենք, բայց միանգամից կհաղթահարվի՞, թե՞ ոչ, դա է խնդիրը»,- ասաց Ս.Ավետիսյանը:
Ըստ նրա` Գյումրին ոչ թե աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, այլ պարզապես ունենալով հստակ խնդիրներ՝ ազգաբնակչությունը վերջին մի քանի ընտրությունների ժամանակ փորձել է իր դժգոհությունն արտահայտել կամ հանրաքվեին ավելի շատ դեմ դուրս գալով, կամ իշխանական ուժերին դեմ քվեարկելով. «Դա ես չեմ համարում ընդդիմադիր կեցվածք, դա ընդամենը բողոքի ձև է, որ արտահայտել է գյումրեցին»:
Անդրադառնալով թե՛ Էջմիածնում, և թե՛ Գյումրիում նախընտրական շրջանում տեղի ունեցած քրեական միջադեպերին, Ս.Ավետիսյանը նշեց, որ մինչև օրս Էջմիածնի դեպքի հետ կապված՝ պաշտոնական չի եղել համապատասխան մարմինների հայտարարությունը` կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ.
«Միջադեպ եղել է, բայց դրանից առաջ կրակոցների մասին պաշտոնապես չի հաղորդվել, որ այսքան փամփուշտ են գտել, այս զենքից են կրակել, դեպքը եղավ, քննությունը դեռ շարունակվում է: Գյումրիինը և՛ դԴատախազությունը, և՛ Ոստիկանությունը հայտարարություն տարածեցին, որ դա ինքնասպանություն էր, սեփական տան նկուղում, և որևիցե մեկը չի եղել նկուղում, չնայած տեսանկարահանումները դեռևս չեն հրապարակել, բայց տանը եղել են մարդիկ, իր հարազատները: Քաղաքական երանգ չեմ էլ ուզում տեսնել այստեղ, ինքն ակտիվ մասնակցում էր քարոզարշավին հոր հետ, բոլորը կապում են դրա հետ, բայց ես չեմ ուզում տեսնել, և չկա որևիցե դրդապատճառի մասին խոսակցություն, և որևէ մեկը չի կարող ասել, թե որն է եղել դրդապատճառը»:
Հիշեցնենք, որ Գյումրիում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդին՝ Արշակ Գրիգորյանը, մահացած էր գտնվել: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: