Լոռու մարզպետի փոփոխություն չի լինելու
ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ՝ ներքաղաքական կուլիսներում խոսում են որոշ մարզպետների փոփոխության մասին։ Արդեն գրել ենք, որ ՀՀ Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի նախարարական պորտֆելը տալով դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ նրան առաջիկայում Արարատի մարզպետ են նշանակելու, որին, իհարկե, դեմ են մարզային որոշ կառույցներ և պատգամավորներ։ Հաջորդը ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվող՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցն է։ Ըստ այդ տեղեկությունների՝ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում նրան ևս պաշտոնանկ է անելու։
Մամուլում նշվել է նաև, թե առաջիկայում պաշտոնանկ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որին, ըստ նույն լուրերի, իբրև թե կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբաղ Համբարյանը։ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից առաջ և այժմ էլ Լոռու մարզում որոշ ուժեր և ներքաղաքական շրջանակներ խոսակցություններ էին շրջանառում, թե Լոռու մարզում այս փոփոխությամբ շահագրգռված է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Վերջինիս շրջապատից, սակայն, հերքեցին նման խոսակցությունները՝ ասելով, որ նման բան չկա, և ակնհայտ է նման կեղծ լուրերի քաղաքական ենթատեքստը, այն է՝ ՏԻՄ առաջիկա ընտրություններից առաջ գործող մարզպետի դիրքերը թուլացնելու դիտավորությունը։