Ադրբեջանցիների 91.2 տոկոսը հանրաքվեում կողմ է հանդես եկել նախագահի լիազորությունների ժամկետի մեծացմանը
Երեկ Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքով երկրի ընտրողների 91.2 տոկոսը քվեարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետի մեծացման օգտին՝ 5-ից մինչև 7 տարի։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։
Առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի սահմանման մասին դրույթին հանրաքվեում իր աջակցություն է հայտնել ընտրողների 89.3 տոկոսը։
Երկրի նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակման վերացմանը կողմ է քվեարկել ադրբեջանցիների 91.0 տոկոսը։ Երկուշաբթի ԿԸՀ-ն հանրաքվեն կայացած էր ճանաչել։
Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու համար տարիքային սահմանափակումների չեղյալ հայտարարմանը կողմ է ընտրողների 88.3 տոկոսը։
Փանահովի խոսքով՝ այս պահի դրությամբ մշակվել է 2 669 448 քվեաթերթիկ 3950 ընտրատեղամասերից։