«Ձեր պատասխանից էլ է երևում, որ ճիշտ կլինի՝ ավելի շուտ ծրագիրը հաստատել, հետո՝ կառուցվածքը». Հրանտ Բագրատյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

«Չե՞ք կարծում, որ առաջինը պետք է ներկայացնել կառավարության ծրագիրը, ստանալ հավանություն, հետո ներկայացնել կառուցվածքը»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին՝ այս հարցը բարձրացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն է Ա. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ Հ. Բագրատյանը հարցրեց, որ, եթե դա անվանում եք՝ Ներդրումների նախարարություն, արդյոք պատրաստվո՞ւմ եք արժեթղթերի շուկան դուրս բերել Կենտրոնական բանկի տնօրինությունից, որը «սխալմամբ արդեն 10 տարի գտնվում է Կենտրոնական բանկի տնօրինության տակ»։

«Երրորդ, ինչպե՞ս եք տեսնում համատեղում՝ բնապահպանությունը՝ մի տեղ, բնության  պաշարները՝ մի տեղ, կարծում եք, որ կարելի  է բնության պաշարները միացնել արտադրական նախարարությա՞նը։ Բացատրեք՝ Քաղաքաշինության նախարարության վերացմամբ՝ ո՞վ է կատարելու նրա գործառույթները։ Ինչպե՞ս ենք մենք սփյուռքի նախարար նշանակում, գուցե սփյուռքի հետ կապերի կամ հաղորդակցության նախարար ենք մենք ուզում»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Ա. Հովհաննիսյանը պատասխանելով Հ. Բագրատյանի հարցադրումներին՝ ասաց, որ մոտեցման տարբերություն է ծրագրի և կառուցվածքի ընդունման առաջնահերթությունը։ Ինքը խնդիր չի տեսնում այնտեղ, որ առաջինը կառուցվածքն են հաստատում, հետո՝ ծրագիրը։

«Արժեթղթերի շուկայի հետ կապված, ես այս հարցը կբարձրացնեմ, այս պահի դրությամբ  շատ դժվար է ասել այդ հարցի պատասխանը կառուցվածքի համատեքստում։ Բնապահպանության և բնական պաշարների մասով՝  ընդունում եմ որպես առաջարկություն այս հարցադրումը, և քննարկման առարկա կդարձնենք։ Քաղաքաշինության գործառույթները  քաղաքականության մշակման տեսանկյունից  տարբեր գերատեսչությունների կողմից են իրականացվելու։ Սփյուռքի նախարարի առումով ես Ձեզ հետ ինչ-որ առումով համաձայն եմ, ես Ձեր դիրքորոշումը կներկայացնեմ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

«Ձեր պատասխանից էլ է երևում, որ ճիշտ կլինի՝ ավելի շուտ ծրագիրը հաստատել, հետո՝ կառուցվածքը»,- արձագանքեց Հ. Բագրատյանը։

Տեսանյութեր

Լրահոս