Ֆյուրիին կարող են զրկել WBA տիտղոսից
WBA-ի նախագահ Ջիլբերտո Մենդոսան հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է զրկել տիտղոսից բրիտանացի Թայսոն Ֆյուրիին, եթե վերջին չներկայացնի ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի կրկնակի հետաձգման բժշկական հիմնավորումը:
«Կա հավանականություն, որ Թայսոնը կկորցնի տիտղոսը: Բայց մենք պաշտոնական շփում չենք ունեցել Հենեսիի հետ (Ֆյուրիի պրոմոուտեր)՝ կապված Ֆյուրիի բժշկական վիճակի հետ»,- ասել է Մենդոսան:
WBA և WBO վարկածներով Ֆյուրիի տիտղոսները, եթե բրիտանացուն ազատեն դրանցից, կարող են խաղարկվել Վլադիմիր Կլիչկո – Էնտոնի Ջոշուա մենամարտում:
Որպես Կլիչկոյի հետ ռևանշի հետաձգման հնարավոր պատճառներից մեկը՝ նշում են բրիտանացու դեպրեսիան:
Այսօր հայտնի է դարձել, որ Ֆյուրին հրաժարվել է հանձնել պարտադիր դոպինգ նմուշը: Դոպինգի վերաբերյալ Ֆյուրիի նախկին գործի լսումները պետք է կայանային Կլիչկոյի հետ մենամարտից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը