«Ադրբեջանում հանրաքվեից հետո լրջագույն բարեփոխումներ են սպասվում». Ալի Հասանով
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանում սպասվում են լրջագույն բարեփոխումներ։
«Ադրբեջանում հանրաքվեից հետո սպասվում են լրջագույն բարեփոխումներ։ Այդ գործընթացն արդեն մեկնարկել է»,- հայտարարել է Հասանովը լրագրողներին։ Այս մասին հայտնում է haqqin.az պորտալը։
Նրա խոսքով՝ հանրաքվեի անցկացումը կապված է հետնավթային շրջանի անցման հետ։
«Ադրբեջանը պատրաստվում է հետնավթային շրջանին։ Սակայն մենք չէինք սպասում, որ այն այսքան արագ կլինի, այդ պատճառով նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ օպերատիվ և ճիշտ ժամանակին արված բարեփոխումների անցկացման օգտին»,- նշել է նա։
Հասանովը հավելել է, որ բարեփոխումների անցկացման համար անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները՝ թե՛ ադմինիստրատիվ, թե՛ տնտեսական, թե՛ մարդկային ռեսուրսները։
«Հանրաքվեի անցկացման գլխավոր պատճառներից մեկն օպերատիվ տնտեսական բարեփոխումների անցկացումն է Ադրբեջանում, ինչպես նաև ղեկավարման արդյունավետ համակարգերի ստեղծումը, գոյություն ունեցող համակարգում մի շարք բյուրոկրատական մեխանիզմների վերացումը»,- հավելել է նա։