«Կան բավականին քաղաքական գործիչներ, որոնք արյուն են ցանկանում». Գագիկ Մելիքյանը՝ Անուշ Սեդրակյանի և մյուսների մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ նոր վարչապետի նշանակման հետ մեկտեղ՝ նայել է նախկին վարչապետների հայտարարությունները. «Նրանք ասում են, թե երկիրը տնտեսական ծանր վիճակում է, բայց տեղի են ունենալու բարեփոխումներ, ու ամեն վարչապետը տվել է իր թիվը, որ կապահովի տնտեսական աճ։ Ընդ որում՝ երկու վարչապետներն էլ շահարկել են երկու թեմա՝ ԵՏՄ-ի պոզիտիվ դերը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, երկրորդը՝ հակակոռուպցիոն միջոցառումներն են, որ երկու վարչապետներն էլ խիստ ակտիվ պատրաստվում էին ձեռնարկել, որպեսզի Հայաստանում տնտեսական աճ ապահովվի։ Հիմա ինձ մի քիչ շփոթեցնում է պատմության կրկնվող միտումը, երբ բոլոր վարչապետները խոստանում են տարբեր տիպի տնտեսական աճեր, հետո տարբեր թվերի միջոցով մեզ ասում են, որ տնտեսությունը լավացել է, տնտեսական աճն ապահովվել է։ Դա հաստատում է ՌԴ նախագահ Պուտինը, որը, չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի մեր տնտեսության հետ, ինչից օրեր անց իմանում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական աճի նվազում, և հիմա դարձյալ միջոցառումներ են պետք»։

Ըստ Ա. Սեդրակյանի՝ այս սպասողականությունն ու կրկնությունն իրապես քայքայում են Հայաստանի տնտեսական կառուցվածքը. «Փոփոխություն չի լինի, քանի դեռ իշխանությունը հաշվետվություն չի տվել իր նախկին սխալների համար։ Նոր վարչապետն ասել է, որ պետք է դադարեցնել պրիմիտիվ գողությունը, բայց պետք է դադարեցնել ոչ միայն՝ պրիմիտիվ գողությունը, այլ նաև՝ շատ բարձր մակարդակի բարդ և սխեմավորված գողությունը։ Այդ գողության ամբողջ գործընթացը պետք է դարձնել թափանցիկ, այլապես Հայաստանի բոլոր ռեֆորմները կմնան այս արատավոր շրջանակի ընթացքում»։

Իսկ նոր նախարարների նշանակման մասով նշեց, որ երկու բան խիստ մտահոգիչ է. «Առաջինը, որ գործադիրի գործառույթում խառնվում է կուսակցական էլեմենտը։ Այսինքն՝ երբ մի նախարարին նկատողություն են անում վատ կատարած աշխատանքի համար, և դրանից կուսակցությունն է վրդովվում, դա սխալ է։ Գործադիրն ու կուսակցական ոլորտը տարբեր են։ Երկրորդ՝ ես նայել եմ նախարարների կենսագրությունները, դրանք բավականին խոստումնալից են, բայց քանի որ Հայաստանում ողջ իշխանությունը միակենտրոն է, ու այդ իշխանության ուժի բաշխումը, ֆունկցիաները տարբերակված չեն (դատական, գործադիր և օրենսդիր), ապա այս պարագայում ամենալավ կենսագրությամբ անհատը կարող է գործել միայն իրեն վերապահված շրջանակներում։ Այսինքն՝ ինչ թույլ կտան նրան անել»։

Ամփոփելով՝ նա ասաց, որ պետք է լինեն պատասխանատուներ և պատժվածներ։

Կարդացեք նաև

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն ի պատասխան՝ ասաց, որ ոչ միայն Անուշ Սեդրակյանը, այլև ժողովրդի մեջ էլ, քաղաքական կուսակցություններում էլ կան բավականին քաղաքական գործիչներ, «որոնք արյուն են ցանկանում, պատիժներ են ցանկանում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս