«Գայլի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է. Լևոն Զուրաբյանը` Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
«Վարչապետի նշանակումով ընտրություններից առաջ նպատակ ունեն ստեղծել տպավորություն, որ իսկապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում: Ի դեպ, այդ փոփոխության կարգախոսը մեր՝ Հայ Ազգային կոնգրեսի թեթև ձեռքով դարձել է ամենակիրառվող կարգախոսը: ՏԻՄ ընտրություններում մենք հանդես ենք գալիս «ընտրիր փոփոխությունները» կարգախոսով, և դրանից հետո չմնաց որևէ քաղաքական ուժ, որը չի սկսել խոսել փոփոխությունների մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը որևէ ակնկալիք չունի նոր ձևավորվող կառավարությունից:
Ըստ նրա` իշխող կուսակցության միակ նպատակն ընտրություններից առաջ ժողովրդի սիրտը շահելն է, և հենց այդ նպատակով առաջինը Սերժ Սարգսյանը փոխեց վարչապետին և խոսեց փոփոխություններից: Սակայն, Զուրաբյանի կարծիքով, փոփոխությունների մասին իրավունք չունի խոսել այն կուսակցությունը, որն այս ժողովրդի գլխին ամեն հնարավոր փորձ կատարել է:
Պրիմիտիվ գողությունը վերացնելու մասին Կարեն Կարապետյանի հատարարության վերաբերյալ Լ. Զուրաբյանը նկատեց` դա «գայլի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է:
«Որևէ լուրջ մարդ, իսկ մեր ժողովուրդը հիմնականում կազմված է լուրջ մարդկանցից, չի կարող լուրջ ընդունել այդ հայտարարությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը: