«Ի՞նչ է նշանակում՝ ՏԻՄ ընտրությունների ենք գնում, խորհրդարանը պետք է ընդհանրապես չաշխատի, որ դուք գնաք ընտրությա՞ն». Գալուստ Սահակյանը բարկացավ

«Մինչև կառավարության ձևավորումը և նախագծի հաստատումը, կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը՝ 22 օրինագծերով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, որ նոր վարչապետն իր նախորդների նման շարունակում է դիտարկել խորհրդարանը՝ որպես կամակատար և դակիչ մարմին»,- Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նա նկատեց, որ հոկտեմբերի 2-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, և հիմա կուսակցությունները զբաղված են այդ ընտրարշավներով։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանավորները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ։

ԱԺ նախագահ Գ. Սահակյանը կարծիք հայտնեց, որ դա միայն Լ. Զուրաբյանի կարծիքն է.

«Համենայն դեպս, խորհրդարանի մեծամասնությունը դա չի կիսում, առավել ևս, եթե նայեիք օրինագծերը, միանգամից չէիք ասի՝ 22 հարց, սա շատ կարճ տևող արտահերթ է, այնպես որ, ՏԻՄ ընտրությունների հետ կապելը, չեմ կարծում, նորմալ իրավիճակ է»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ միացավ Լևոն Զուրաբյանի բարձրացրած խնդրին։ Նրա խոսքով՝ եթե կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ վերաձևելու կառավարության կազմը, ինչ-որ մեկին նախարար նշանակելու, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելու համար, կարելի էր այդ նախաձեռնությունը միայն բերել՝ հաշվի առնելով, որ ՏԻՄ ընտրություններում ներգրավված են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, և իրենք ամեն օր մասնակցում են ընտրարշավին։

«Օրինակ, տխրահռչակ Հարկային օրենսգիրքը, որը բերված է, պետք էր քննարկել այնպիսի պայմաններում, որ պատգամավորները ներկա կլինեին, սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։ Ձևեք ձեր կառավորությունը՝ ում վրա ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր՝ քննարկելու այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ ընտրությունների քարոզարշավով»,- հայտարարեց ԲՀԿ ղեկավարը։

«Սա կանոնակարգ-օրենքով է առաջնորդվում, այնպես չէ, որ յուրաքանչյուր ցանկացողի ականջին կառավարությունն ու Ազգային ժողովն ինչ-որ բան փսփսա, առավել ևս, հարկայինի մասին օրենքը, այդքան երկար քննարկելուց հետո, մեծ մասդ չեք մասնակցել, բավականին լուրջ փոխվել է, և կարծում եմ՝ դա էլ իր ժամանակին կքննարկենք, կխոսեք։ Ի՞նչ է նշանակում՝ ՏԻՄ ընտրությունների ենք գնում, ի՞նչ է, առաջին անգա՞մ են այդ ընտրությունները, Խորհրդարանը պետք է ընդհանրապես չաշխատի, որ դուք գնաք ընտրությա՞ն»,- ի պատասխան՝ ասաց Գ. Սահակյանը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս ելույթ ունեցավ՝ ասելով. «Մի քանի օր առաջ համաշխարհային մեծության հայազգի մեծ գործիչներն անդրադարձ են կատարել ՀՀ-ում տիրող իրավիճակին, հանրային և քաղաքական կյանքի վերաբերյալ գնահատականներ են տրվել նրանց կողմից, «Արդարություն Հայաստանում» վերնագրով այս պահին ընթանում է ստորագրահավաք change.org կայքում, ես ձեզ բաժանել եմ այս հայտարարությունն իրենց կողմից ներկայացված։ Ովքեր դեռ չեն միացել, կոչ եմ անում՝ միանալ այդ հայտարարությանը»։

Տեսանյութեր

Լրահոս