
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է խախտումներով

Ադրբեջանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արդեն իսկ ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Սումգայիթում հանրաքվեի մասնակիցներից մեկը փորձել է միանգամից երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը:
Ընտրությունների մասնակից Ֆիդան Հասանզադեն հայտնել է, որ քվեախցիկ մտնող քաղաքացիներից մեկը միանգամից ձեռքում ունեցել է երեք քվեաթերթիկ: «Հարցրեցի, թե ձեռքումդ քանի թերթիկ կա: Ասաց` մեկ: Սակայն երբ նայեցի, տեսա, որ երեքն են: Երկուսը վերցրեցի և ընտրական հանձնաժողովի նախագահին հարցրեցի` սրանք ի՞նչ են:
Պատասխանը հետևյալն էր` սխալվել են», լրատվամիջոցին պատմել է Հասանզադեն:
Որոշ ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվել ընտրական «կարուսելների» վերաբերյալ: Շատ ընտրատեղամասերում քվեարկողներին բերել և տարել են ավտոբուսներով:
Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անց է կացվում նաև արտերկրում Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք: