
Իլհամ Ալիևը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր քվեարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեում, հայտնում է APA կայքը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ընտանիքի մյուս անդամները քվեարկել են Բաքվի թիվ 29-րդ ընտրական տեղամասում:
Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ադրբեջանում բացվել է 5627 ընտրատեղամաս: Դրանք կգործեն տեղի ժամանակով ժ. 08.00-19.00-ն (Երևանի ժամանակով՝ 08.00-19.00-ը):
Երկրի տարածքը բաժանված է 125 ընտրական շրջանի։ Ընտրողների թիվն ավելի քան 5.26 մլն է։
Իրենց կարծիքն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների մասին կարող են հայտնել նաև արտերկրում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները:
Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ 29 երկրի 38 դիվանագիտական առաքելություններում ստեղծվել են ընտրատեղամասեր։ Մեծ թվով ընտրատեղամասեր են ստեղծվել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում: