«Ռուսաստանի գործողությունները Սիրիայում բարբարոսություն են». ԱՄՆ
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի իրավիճակի մասին կեղծ տեղեկությունների տարածելու մեջ և Մոսկվայի գործողություններն անվանել բարբարոսություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այն, ինչին աջակցում ու անում է Ռուսաստանը, պայքար չէ ահաբեկիչների դեմ, դա բարբարոսություն է»,- ասել է Փաուերը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում:
Նրա խոսքով՝ սիրիական հակամարտության կարգավորումն անհնար է, քանի դեռ Մոսկվան տրամադրված է շարունակել պատերազմը:
«Խաղաղություն հաստատելու փոխարեն Ռուսաստանն ու Ասադը պատերազմ են վարում: Փոխարենն օգնելու մարդասիրական օգնություն հասցնելու խաղաղ բնակիչներին, Ռուսաստանն ու Ասադը ռմբակոծում են մարդասիրական օգնության շարասյուները և նրանց, որոնք շտապում են առաջին օգնությունը ցուցաբերել կարիքավորներին»,- հայտարարել է Փաուերը:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրել է ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմին չհետևելու ցանկության մեջ:
«Ամերիկյան կողմը փաստացի անկարող է ազդել իր խնամարկյալ խմբավորումների վրա ու ազնիվ կատարել իր պայմանավորվածությունները: Սիրիայի տարածքում կան հարյուրավոր զինված խմբավորումներ: Երկրի տարածքը ռմբակոծում են բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում: Գրեթե անհնարին խնդիր է դարձել երկրին վերադարձնել խաղաղությունը»,- հավելել է Չուրկինը: