Ռուս ցանցահենները փորձել են կոտրել կառավարության և հեռուստաալիքների կայքերը. Sunday Times
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պնդում են, որ ռուս ցանցահենները փորձել են գրոհել Միացյալ Թագավորության կառավարության և հեռուստաալիքների կայքերը, գրում է Sunday Times թերթը:
Դրա տեղեկություններով՝ հարձակումներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ 2015թ. մայիսին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Sunday Times-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) կարողացել է չեզոքացնել ցանցահենների գործողությունները: Համարվում է, որ հարձակումներն իրականացվել են Fancy Bears խմբի կողմից, որը, հնարավոր է, առնչություն ունի ռուսական հետախուզությանը:
GCHQ-ն հայտնել է, որ ցանցահենները գրոհել են Մեծ Բրիտանիայի բոլոր կառավարական սերվերները, ներառյալ՝ ներքին գործերի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև բրիտանական BBC, ITV, Channel 4, Sky հեռուստաալիքների կայքերը:
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները նշում են, որ իրենց հաջողվել է կանխել կայքերի կոտրումը, քանի որ ուշադիր հետևել են, թե ինչպես են ցանցահենները կարողացել կոտրել ֆրանսիական TV5Monde հեռուստաալիքի կայքը:
Արդյունքում՝ բրիտանական կառավարության համար աշխատող ծրագրավորողները պաշտպանության հավելյալ միջոցներ են ձեռնարկել ու հասցրել նախազգուշացնել հնարավոր հարձակումների մասին հեռուստաընկերությանը:
Ռուսական իշխանությունները հերքում են, որ կապ ունեն Fancy Bears-ի հետ: