Հալեպում նոր հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը. իրավապաշտպաններ
Իրավապաշտպանները Սիրիայի կառավարական բանակի՝ Հալեպի արևելյան շրջանների ուղղությամբ նոր հարձակման հետևանքով զոհերի թիվը գնահատում են ավելի քան 200 մարդ և նախազգուշացնում, որ այդ թիվը կարող է մեծանալ փլատակների տակ գտնվողների և ռազմական գործողությունների շարունակման հետևանքով:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ Բաշար Ասադի ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի խախտումից հետո Հալեպում զոհերի թիվը հասել է 213 մարդու: Միայն կիրակի քաղաքում զոհվել է նվազագույնը 26 մարդ, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիայի հարցով արտակարգ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեղադրել էր Ռուսաստանին Սիրիայի իրավիճակի մասին կեղծ տեղեկություն տարածելու մեջ և Մոսկվայի գործողությունները բնորոշել որպես բարբարոսություն:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմին չհետևելու մեջ: