Բաժիններ՝

Ադրբեջանում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն

Ադրբեջանում այսօր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե է անցկացվում: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ադրբեջանում բացվել է 5627 ընտրատեղամաս: Դրանք կգործեն տեղի ժամանակով ժ. 08.00-19.00-ն (Երևանի ժամանակով՝ 08.00-19.00-ը), հայտնում է RIA Novosti-ն:

Երկրի տարածքը բաժանված է 125 ընտրական շրջանի։ Ընտրողների թիվն ավելի քան 5.26 մլն է։

Իրենց կարծիքն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների մասին կարող են հայտնել նաև արտերկրում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ 29 երկրի 38 դիվանագիտական առաքելություններում ստեղծվել են ընտրատեղամասեր։ Մեծ թվով ընտրատեղամասեր են ստեղծվել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում:
Համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության նախորդ և քվեարկության օրը արգելվում է կատարել նախընտրական քարոզարշավ:

Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 3-ին և ավարտվել սեպտեմբերի 25-ին՝ ժ. 08:00-ին:

Հանրաքվեի անցկացման պատճառով ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանի ոստիկանությունը անցել է աշխատանքային ուժեղացված ռեժիմի:
Համաձայն փոփոխությունների նախագծի՝ երկրի ղեկավարը կարող է հայտարարել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասին։

Երկրի ղեկավարի արտահերթ հեռանալու դեպքում առաջարկվում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը 3 ամսից սահմանել մինչև 60 օր։
Փոփոխությունները նախատեսում են նախագահի կողմից խորհրդարանը ցրելու մասին դրույթ, թույլատրվում է 18 տարին լրացած անձանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Ներկայումս խորհրդարանում կարող է հայտնվել 25 տարեկանը լրացած անձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս