Բաժիններ՝

«Շոու-բիզնես չունենք, որովհետև շոուն անորակ է, իսկ բիզնեսը ռեստորաններում է». Անդրե Սիմոնյան

168.am-ի զրուցակիցն է The Beautified Project խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը: Մեզ հետ զրույցում Անդրեն պատմեց խմբի հետագա ծրագրերի և անելիքների մասին:

– Անդրե, ռոքի սիրահարները սեպտեմբերի 17-18-ը համախմբվել էին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ մասնակցելու «Ռիվեր ֆեսթ Արմենիա» ամենամյա փառատոնին: Այն կարծես թե Հայաստանում առաջին երաժշտական փառատոնն է, որը տևում է ողջ գիշեր: Ո՞ւմ մտահղացումն էր նման կարգի փառատոնի հիմնումը:

– «Ռիվեր ֆեսթը» սկսվել է 2013 թվականին Հասասյան ընտանիքի կողմից: Նրանք ամերիկահայեր են, որոնք տեղափոխվել և Գետամեջում են բնակվում:  Նպատակն այն է, որ ռոք խմբերին, հատկապես՝ փոքր, նկուղային խմբերին, մեծ բեմ տրամադրվի, և երկօրյա ռոք փառատոնի մթնոլորտ ստեղծվի քաղաքից դուրս: Փառատոնը բարեգործական է, այսինքն՝ ամբողջ գումարը, որ գոյանում է  փառատոնից, նվիրվում է Գետամեջի դպրոցին: Նախորդ փառատոներից գոյացած գումարով փոխվել են դպրոցի պատուհանները, սեղաններ են տեղադրվել: Անցած տարի փառատոնի գումարներով վերանորոգվել է նաև գյուղի խաղահրապարակը։

andre-7

andre1

andre-5

–  Տարվա մի որոշ ժամանակահատված արտերկրում եք լինում: Կարծես նոր եք վերադարձել արտերկրից:  Ի՞նչ նպատակով էիք մեկնել ԱՄՆ:

– Խմբի գործունեությամբ պայմանավորված՝  համերգներով մեկնում ենք եվրոպական երկրներ: Այս ընթացքում 10-ից ավելի երկրներում համերգներ ենք ունեցել: Ամերիկա էի մեկնել, որպեսզի որոշ դրվագներ նկարահանեմ  իմ երկու տեսահոլովակների համար, որոնք կթողարկվեն 2016-ի վերջին և 2017-ի սկզբին:  Խմբի հաջորդ համերգը նախատեսված է  Հոլանդիայում,  որտեղ առաջին անգամ մեծ համերգ ենք ունենալու: Մասնակցելու է The Beautified Project-ն ու ստամբուլահայ երգչուհի Սիպիլը:

– Անդրե, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, թե Հայաստանում չկա շոու-բիզնես, որ երգիչ-երգչուհիների 90 տոկոսի ներկայացրածի մեջ ոչ մի հայկականություն չկա: Այդ դեպքում դա ինչ է՝ շոո՞ւ, թե՞ բիզնես:

andre-4

– Ես իսկապես կարծում եմ, թե շոու-բիզնես գոյություն չունի, որովհետև մենք շատ քիչ ենք տեսնում որակյալ շոու: Մեր կատարողների, երգիչների, պարողների զգեստների որակը համաշխարհային աստղերի կամ թեկուզ մեր տարածաշրջանային հարևանների համեմատ շատ ցածր է:  Դա է պատճառը, որ այս պահին ներկայացուցիչ չունենք համաշխարհային շոու-բիզնեսում: Այն հայերը, որոնցով պարծենում ենք՝ System of a Down, Շառլ Ազնավուր կամ Շեր, դրսի հայեր են, այլ ոչ թե՝ Հայաստանի:  Բացի այդ, շոու-բիզնեսն ունի նաև բիզնեսի բաղադրիչ: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երգիչ-երգչուհիները կամ խմբերը, միակ վայրը, որտեղ կարողանում են ապահովել իրենց ապրուստը, ռեստորաններն են, կնունքներն ու հարսանիքները: Մյուսները, որոնք երաժշտությանը վերաբերվում են՝ որպես արվեստի, չնչին գումարներ են վաստակում, ինչը շատ ցավալի է: Այդպիսով, մենք շոու-բիզնես չունենք, որովհետև շոուն այնքան անորակ է, որ չենք կարողանում ներկայացնել համաշխարհային հարթակում, իսկ բիզնեսը մնում է ռեստորաններում՝ խնջույքներում:

andre-6

andre-3

– Ինչպե՞ս կգնահատեք մեր երգարվեստի  ներկայիս վիճակը՝ ռոք երգչի տեսանկյունից:

– Մեր երգարվեստի վիճակը շատ լավ է, այսինքն՝ այն մարդը, որը հույսը չի դնում հեռուստատեսության կամ նրա վրա, ինչ մատուցվելու է իրեն,  փնտրում է իր ուզած երաժշտությունը: Հայաստանում ունենք երգարվեստի հիանալի ներկայացուցիչներ: Ինձ համար հագեցնող՝ տարբեր ոճերի երաժշտություն կա Երևանում, պարզապես ցավալի է, որ դա չի մատուցվում և պոպուլյար չի դառնում: Հասարակ մարդու համար ուսուցողական որևէ քարոզչություն չկա:

– Ի՞նչ խնդիրներ են ծառացած ռոք երաժիշտների առաջ: Ի՞նչ վիճակում է ռոք երաժշտությունը մեր երկրում: Տպավորությունն այնպիսին է, որ համերգները պակասել են, խմբերը՝ քչացել:

–  Մենք ապրում ենք փոքր երկրում, իսկ ռոքն ընդհանրապես ավելի նկուղային, յուրահատուկ ոճ է: Դա նշանակում է, որ մարդկանց թիվը, որը ռոք է լսում, ավելի փոքր է, քան մեծ երկրներում, սակայն տոկոսային առումով շատ առողջ վիճակում է Հայաստանի ռոքը: Ունենք լավ ռոք խմբեր, լավ երաժիշտներ,  որոնք կարողանում են կենդանի երաժշտություն մատուցել երիտասարդներին, այնպես որ, հայ ռոքերները չպետք է բողոքեն վիճակից: Քանի որ ռոքը դիտվում է՝ որպես բողոքի միջոց, ռոք երաժիշտները գուցե սիրում են բողոքել, ասել, թե միջոցներ չկան, փորձատեղեր չկան,  սակայն ողջ աշխարհում ռոքերներն իրենք են իրենց համար այդ միջոցներն ստեղծում՝ նվագելով ավտոտնակներում, ակումբներում, մինչև կարողանում են ներկայացնել այնպիսի գրավիչ երաժշտություն, որը սկսում է ընկալվել հասարակության կողմից:

andre-2

– Ի՞նչ ծրագրեր ունեք: Համերգներ, ձայնագրություններ նախատեսվո՞ւմ են: 

– Այս պահին զբաղված ենք մեր չորրորդ ալբոմի աշխատանքներով, որը պատրաստվում ենք թողարկել հոկտեմբերի վերջին: Այդ ժամանակ նախատեսվում է մեր ալբոմի շնորհանդեսը և մեծ համերգ:

Բացի այդ, հոկտեմբերի 12-ին թողարկելու եմ մի ֆիլմ, որը «Սոցիալական բարեփոխումներ արվեստի միջոցով» թեմայի մասին է: Դրա իմաստն այն է, որ երկու պատմական և քաղաքական խնդիրներ ունեցող երկրներ միանում և մի երաժշտություն են ստեղծում և մշակութային համագործակցությամբ դռներ բացում ապագա համագործակցության համար:

andre-1

– Ինչի՞ մասին է ձեր չորրորդ ձայնասկավառակը:

– Այն շատ սահուն և հասուն ալբոմ է, քանի որ մենք արդեն 11 տարի համագործակցում ենք (Արմեն և Առլեն Շահվերդյան եղբայրներ): Շատ մեղեդային, բազմաշերտ ալբոմ է: Ինձ թվում է՝ մեր երկրպագուներին այն շատ դուր կգա, և նոր մարդիկ կմիանան The Beautified Project-ի երկրպագուների բանակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս