Օլանդը կոչ է արել փակել Կալեում փախստականների ճամբարը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անհրաժեշտ է համարել փակել Կալեում տեղակայված փախստականների ճամբարը եւ ուղարկել փախստականներին հատուկ կեցավայրեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Նմանատիպ ճամբար չպետք է լինի Ֆրանսիայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Տուր քաղաք այցելության ժամանակ:
Նա հայտարարել է, որ Կալեում ապաստանած 9000 հոգին առաջիկա շաբաթվա ընթացքում կարող են ապաստանել ժամանակավոր կացարաններում:
Նա նշել է, որ ժամանակավոր կացարաններից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 40-50 փախստական` չորս ամսով, քանի դեռ Ֆրանսիայի իշխանություններն ուսումնասիրում են վերջիններիս գործերը:
Արեւմտյան լրատվամիջոցները նշել են, որ սեպտեմբերին Կալեի ճամբարում ապրող բնակիչների թիվը հասել էր 10 հազարի: Անցյալ տարվա ընթացքում նրանցից ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել 5000-ը: