«Թուրքական դպրոցի ապօրինի կառուցումը Վրաստանում տարածքային ամբողջականության խախտում է». վրացագետ
Վրաստանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու գործում Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ հաջողությունների են հասել, իսկ Վրաստանի իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական նշված քաղաքականությունը լռությամբ տանելու պատճառներն, ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի, պայմանավորված են թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, տնտեսաՍ ան գործոններով:
Վրացագետ Ալիկ Էրոյանցի ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ կախվածությանը, որում հայտնվել է Վրաստանը հիշյալ գործոններից, գուցե կարելի էր որոշակի տրամաբանական բացատրություն տալ, սակայն վերջին օրերին Աջարիայում տեղի ունեցածը, թերևս, զուրկ է այդպիսի տրամաբանությունից, քանզի այդ պարագայում վրացական շահի նշույլ անգամ չի նշմարվում:
«Բաթումում թուրքական դպրոցի բացումը, որ տեղի էր ունեցել Թուրքիայի կրթության և գիտության նախարարի և այդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, խոսում է այն մասին, որ թուրքերը բացահայտ հավակնություններ են ներկայացնում Աջարիայի նկատմամբ: Գուցե այո, Թուրքիան դպրոցներ է հիմնել և հիմնում տարբեր երկրներում, այդ թվում նաև,այսպես կոչված, «գյուլենական», բայց խնդիրն այս դեպքում լիովին այլ համատեքստում է:
Պարզվում է, թուրքական այդ դպրոցը, որտեղ մոտ 170 աշակերտ է սովորելու, կառուցվել է առանց օրինական թույլտվության: Բաթումի իշխանությունները բազմիցս մերժել են դպրոցի կառուցապատման թույլտվություն տրամադրել կառուցապատողներին, սակայն, տվյալ հանգամանքն անտեսվելով, դպրոցն, այդուհանդերձ, կառուցվել է: Հայտնի է դարձել նաև, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել է մի քանի հազար լարիով»,- գրում է նա:
Էրոյանցի փոխանցմամբ՝ նշված բոլոր փաստերը հաստատել է թուրք հյուպատոսը, որը պնդել է, թե դպրոցի բացումը պաշտոնական չի եղել, և պաշտոնական բացմանը հրավիրված կլինեն նաև Վրաստանի համապատասխան մարմնի պաշտոնական ներկայացուցիչները: Իսկ ապօրինի կառուցապատման հետ կապված՝ հյուպատոսը նշել է, որ այդ հարցերը իշխանությունների հետ քննարկման փուլում են:
Ինչ վերաբերում է վրաց հանրության տրամադրություններին, վրացագետը նշում է, որ հստակ կարելի է նշել դրանց բացասական լինելը, և սա առաջին դեպքը չէ, երբ, մասնավորապես, Բաթումում թուրքական նման դրսևորումների դեմ իր խիստ վրդովմունքն է արտահայտում Աջարիայի վրացական համայնքը:
Նա տեղեկացնում է, որ, Վրաստանի կրթության և գիտության նախարարի պարզաբանմամբ, վրացական կողմը տեղյակ չի եղել դպրոցի կառուցման հարցերին, և այդ փաստը դատապարտելի է: Այնուհետև եղել է մեկ այլ պարզաբանում, ըստ որի, վերոնշյալ դպրոցում սկզբնական փուլում սովորելու են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող երեխաներ, մինչև այն ստանա օրինական կարգավիճակ:
Ըստ Ալիկ Էրոյանցի՝ թուրքական այդ դպրոցում դասավանդման գործընթացն ամբողջությամբ թուրքերեն լեզվով է իրականացվելու, հովանավորվելու է թուրքական կառավարության կողմից և ենթարկվելու է Թուրքիայի ԿԳՆ-ին, բոլոր ուսումնական ծրագրերը համապատասխանելու են Թուրքիայում գործող դպրոցների ծրագրերին: