««Իսկանդերներն» ապացուցում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ սրբագրվում է դեպի դրականը». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ Անկախության 25-ամյակին պետք է ավելի շատ զենք ունենայինք ու ցուցադրեինք, քան եղավ։ Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, թե Հայաստանը պետք է մինչև «ատամները» զինվի։

«Հայ ժողովուրդը 200 տարուց ավելի խնկարկում է խաղաղություն, ստանում է պատերազմ, այ, եթե հիմա խնկարկի պատերազմ, միշտ կունենա խաղաղություն կամ արժանապատիվ մահ»,- նշեց Լ. Շիրինյանը։

Քաղաքագետի խոսքով՝ «իսկանդերներն» ապացուցում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ սրբագրվում է դեպի դրականը. «Ինձ թվում է՝ ռուսները 250 տարիների ընթացքում տեսան հայ, որ անկախանում է և հոգեբանորեն անկախ է բոլորից՝ պարսիկից, թուրքից և նույնիսկ քրիստոնյա ռուսից, և սա իրենց մոտ շատ մեծ խնդիր առաջացրեց»։

Լ. Շիրինյանը վստահ է՝ հոգեբանական անկախությունը սկսվեց քառօրյա պատերազմով, հետո «Սասնա ծռերի» ապստամբությունը «վերջին մեխը եղավ այդ քաղաքականության դագաղի վրա». «Կարծում եմ՝ Հայաստանում քաղաքական ռազմական վերնախավում եղան մարդիկ, որ եզրակացություն արեցին, ու կառավարությունը փլուզվեց։ Մոսկվան նույնպես վերանայեց իր քաղաքականությունը, ունեցանք նոր վարչապետ և նոր զինտեխնիկա, որը չէին տալիս երկար ժամանակ»։

168.am-ի հարցին, թե քանի դեռ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է ինչպե՞ս կարող ենք ասել, որ անկախ է Ռուսաստանից՝ Լ. Շիրինյանն այսպես պատասխանեց. «Այս հարցը շատ է քննարկվում, ես ինչքան գիտեմ՝ Իսրայելի վարչապետը չի ծնվել Իսրայելում, նա ամերիկյան հրեա է, բայց քանի որ հարմար են գտել, եկել է վարչապետ։ Երեկ վարչապետն ասում է՝ կառավարությունում սովորական գողություն է կատարվում, դա ԵՏՄ-ի հետ կապ ունի՞, այսինքն՝ եթե մենք ուզում ենք զարգանալ, կարող ենք օգտագործել բոլոր հնարավորությունները։ Իմ ընկալումով՝ այդ ԵՏՄ-ի հետ հարաբերության մեջ գլխավորը, կարևորը և անհետաձգելին Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններն են, մենք այդ միջոցով խուսափեցինք Ուկրաինայի ճակատագրից, Ռուսաստանի հետ բախումից, և մենք այլ տարբերակ չունեինք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս