Ի՞նչ է անելու Կարեն Կարապետյանը ԱԺ ընտրություններից հետո. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Նոր վարչապետից հետո միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Ինչքան էլ նոր վարչապետն ապաքաղաքական դեմք լինի, կասկածից վեր է, որ նա մեծ դեր է ունենալու ոչ միայն Հայաստանի տնտեսության հարցերում, այլեւ ընտրական ու նախընտրական հարցերում՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ։

Ըստ նոր Սահմանադրության ՝ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը հանրապետությունում առաջին դեմքն է համարվելու, իսկ մինչ այդ երրորդն է, իսկ գործնականում՝ երկրորդը, իսկ դա նշանակում է, որ ընտրական ու նախընտրական գործընթացներում էլ է լուրջ ու նշանակալի դեր ունենալու։

Այնպես որ՝ ինչքան էլ Կարեն Կարապետյանը ներկայացվի իբրեւ ապաքաղաքական անձնավորություն, նա լիովին մխրճվելու է Հայաստանի ներքաղաքական ու կուսակցական կյանքի մեջ։ Ընդ որում՝ ուղնուծուծով է մխրճվելու։ Ուզի թե չուզի։

Բոլորն են հասկանում ու գիտակցում, որ վարչապետն իր լծակների շնորհիվ ամենամեծ հնարավորությունն ունի իր մարդկանց պատգամավոր դարձնելու համար։ Նախագահից հետո՝ իհարկե։ Ինչպես միշտ, այս անգամ էլ է նախագահը որոշելու, թե հիմնականում քաղաքական ինչ ուժեր ու անհատներ են ընդգրկված լինելու Ազգային ժողում։ Ընդ որում, իր իսկ շահերից ելնելով է որոշելու, այլ ոչ թե վարչապետի։

Համաձայն նոր Սահմանադրության՝ Հայաստանի աոաջին դեմքին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները։ Պատգամավորների մեծամասնությունն ում ընտրեց, նա էլ կհանդիսանա Հայաստանի աոաջին դեմքը։ Բազմաթիվ քաղաքական դիտորդներ այն կարծիքին են, որ վերստին կհաղթի ՀՀԿ-ն, եւ վարչապետ կընտրվի Սերժ Սարգսյանը։

Այսինքն՝ ԱԺ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի հանդիսանալ Հայաստանի առաջին դեմքը։ Շատերը համոզված են, որ հենց այդ նպատակով էլ տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները։ Իսկ ի՞նչ պիտի անի Աժ ընտրություններից հետո ներկայիս վարչապետը։ Կասկած չունենք, որ նրա համար Հայաստանում հարմարավետ պաշտոն կճարվի։ Բայց այդ պաշտոնը դժվար թե ավելի լավը լինի, քան «Գազպրոմի» իր մոսկովյան պաշտոնն էր։ Որոշ քաղաքական դիտորդներ էլ գտնում են, որ դժվար թե Կարեն Կարապետյանն իր մոսկովյան պաշտոնը թողներ՝ ընդամենը յոթ ամիս Հայաստանում վարչապետ աշխատելու համար, այն էլ՝ այս խառը ու բարդ ժամանակաշրջանում։ Այստեղից էլ եզրակացնում են, որ Կարապետյանին Պուտինն է ստիպողաբար ուղարկել։ Սրանք բոլորն ընդամենը ենթադրություններ են։ Իսկ թե իրականում ինչն իչոց է՝ պարզ կդառնա Աժ ընտրություններից հետո»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս