«ԼՂ հակամարտության կարգավորման հասնելու համար պետք է թուլացնել Մոսկվայի ազդեցությունը բանակցություններում»
«168 Ժամի» զրուցակիցն է ռուս ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին
– Պարոն Պիոնտկովսկի, ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում. երկու նախագահական հանդիպումներից հետո, թեև նախատեսվում էր հանդիպում Փարիզում, ապա խոսակցություններ տարածվեցին Ռուսաստանում ծրագրվող հանդիպման մասին, նախագահական շփումները դադարել են, և տպավորություն է, որ բանակցությունները խորը փակուղում են։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց։
– Պատասխանը, կարծում եմ, պարզ է՝ ԼՂ հակամարտությունն ամենաբարդ քաղաքական խնդիրներից է։ Այստեղ միանշանակ լուծումներ դեռ չեն գտնվել, այսինքն՝ երկու կողմի համար ընդունելի լուծում գոյություն չունի, որը բանակցության այս կամ այն փուլում հանգեցնում է գործընթացի դադարեցման։ Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ ի դեմս Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կա անազնիվ խաղացող, որը կարգավորմամբ ամենևին էլ հետաքրքրված չէ և իր առանձին գիծն է տանում։ Երրորդ՝ հակամարտությունը, որքանով էլ որ պայմանավորված է միայն հակամարտող կողմերի տրամադրվածությամբ, ազդվում է տարածաշրջանային զարգացումներից, իսկ տարածաշրջանը, հարևան Մերձավոր Արևելքն է, որը մի քանի երկրների շահերի բախման գոտի է դարձել, խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի, քրդերի, ԱՄՆ-ի մասին է։
Սրան զուգահեռ՝ կան ռուս-թուրքական փորձերը՝ վերականգնել հարաբերությունների նախկին ծավալը, որին խոչընդոտում են Ռուսաստանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը Սիրիայում։ Իրանն է տարածաշրջանին ու աշխարհին նորովի ներկայանալու հայտ ներկայացնում, որից Ռուսաստանը փորձում է շահել։ Այսինքն՝ տարածաշրջանային այս լայն ֆոնն իսկապես ազդում է բանակցությունների, կողմերի ու միջնորդ երկրների տրամադրվածության վրա։ Ես կառանձնացնեի Ռուսաստանի դերակատարությունը։
Ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանը չի պատրաստվում նահանջել, զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում, իսկ դիրքերը պահպանելը նշանակում է՝ անընդհատ լծակների առկայություն բոլոր երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի նկատմամբ։ Այս դեպքում Վրաստանի նկատմամբ ազդեցության տարածումը բարդացել է, բայց պուտինյան Ռուսաստանն այս հարցում փորձում է ստատուս-քվոն պահպանել և վերացնել Վրաստանում իր համար անկանխատեսելի սցենարների զարգացման հեռանկարը։
Սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձելու է էլ ավելի ամրանալ Հայաստանում և Ադրբեջանում՝ շարունակելով հետապնդել հակամարտության կարգավորումը բացառող քաղաքականություն։ Կարգավորումը կարող է տեղի ունենալ բանակցային և ռազմական ճանապարհով։ Ռազմական ճանապարհը ենթադրում է կողմերից որևէ մեկի ռազմական առավելություն, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ինչ-որ տեղ Ադրբեջանն ունի նման առավելություն, քանի որ մեծ ռեսուրսների հաշվին տարիներ շարունակ ձեռք է բերել լուրջ սպառազինություն, բայց Ռուսաստանը սա լավ չէր հաշվարկել, ուստի փորձելու է փոքր-ինչ հավասարակշռել ուժերը հակամարտող կողմերի միջև, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների բռնկման դեպքում հաղթող չլինի։ Մասնակցելով բանակցություններին՝ Ռուսաստանը պարզապես թույլ չի տալիս հասնել կարգավորման, այստեղ ամեն ինչ պարզ է։
– Այսինքն՝ ըստ Ձեզ, առանց Մոսկվայի միջնորդության գուցե հնարավո՞ր լիներ հասնել խաղաղության համաձայնագրի կնքման։
– Բարդ է դրա վերաբերյալ հստակ պատասխան տալը, քանի որ կողմերի դիրքորոշումները ևս այս 25 տարիների ընթացքում բավականին անբեկանելի են եղել։ Չի բացառվում, որ առանց Մոսկվայի՝ կողմերը հասած լինեին համաձայնության։ Պատահական չէ, որ Մոսկվան անընդհատ ձգտում է առաջնորդության կարգավորման գործընթացում, որպեսզի գործընթացներն իր համար վերահսկելի ճանապարհով գնան։ Պատահական չէ, որ բանակցային սեղանին անընդհատ ինչ-ինչ ռուսական ծրագրեր են հայտնվում։ Եթե կա ռուսական ծրագիր, ապա դա կարգավորման ծրագիր չէ, սա ինձ համար միանշանակ է։ Ուստի պետք է նվազեցնել Մոսկվայի բացարձակ ազդեցությունը կարգավորման գործընթացում։ Դա պետք է անեն կողմերն ու Արևմուտքը։
– Ի՞նչ ելքեր եք տեսնում։ Ինչպե՞ս պետք է դա անել։
– Ինչպես արդեն ասացի՝ դա պետք է անեն կողմերն ու Արևմուտքը։ Արևմուտքն իր հերթին՝ որոշ քայլեր ձեռնարկում է, թեև ես դժգոհ եմ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունից։ Այդ մասին եկեք չխոսեմ։ Կողմերն է, որ պետք է չընդունեն այդ ազդեցությունը և փորձեն մնալ միջազգային կարգավորման ձևաչափում՝ թույլ չտալով Մոսկվայի առաջնահերթություն գործընթացում։ Այնինչ կողմերն իրենք դա թույլ են տալիս, յուրաքանչյուր կողմ Մոսկվայից ակնկալում է հակամարտության կարգավորում իր օգտին, այստեղ խոսքը մեծամասամբ Ադրբեջանի մասին է: Արևմուտքի թուլության պայմաններում այս ամենը թույլ չի տալիս նվազեցնել այդ ազդեցությունը։
– Պարզ է, որ երբ չկան բանակցություններ, կողմերը քննարկելու ոչինչ չունեն միմյանց հետ քաղաքական հարթությունում, ինչը նշանակում է, որ բարձրանում է հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու գայթակղությունն Ադրբեջանի մոտ։ Եթե չկա բանակցություն, ինչի՞ պետք է պատրաստ լինել։
– Հակամարտության ներկայիս իրավիճակի պայմաններում պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին, քանի որ այն կարգավորված չէ, իսկ կողմերը զինված են և պատրաստ օգտագործելու ողջ զինանոցը։ Կա նման վտանգ, համաձայն եմ, հենց այդ պատճառով են միջնորդները փորձում պահել բանակցությունների, նախագահական հանդիպումների հաճախականությունը, որպեսզի հակամարտող կողմերի շփումների թելը չկտրվի։ Բայց, ինչպես ասացի, հակամարտությունը շատ բարդ է, շատ են հավելյալ գործոնները, որոնք բարձրացնում են դրա բռնկման ռիսկերը։ Ինչպես տեսանք ապրիլ ամսին, երբ ոչ մեկը չէր սպասում, այն բռնկվեց, երբեք չենք կարող բացառել այդ վտանգը։ Բայց ես նաև նշեցի, որ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական հարթություններում Մոսկվան որևէ կողմի առավելություն թույլ չի տալու։ Ուստի այս պահին միակ ելքը բանակցություններում Մոսկվայի ազդեցությունը թուլացնելն է։