ԱՄՆ-ում շատ ընտրողներ ստիպված են ընտրելու «երկու չարիքից փոքրագույնը». հարցախույզ
ԱՄՆ-ում ներկայիս նախագահական ընտրություններում շատ ընտրողներ նախագահի թեկնածուներից մեկին պաշտպանում են հիմնականում այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս այլընտրանքը: Այս մասին են վկայում Վաշինգտոնի Փյուի անվան սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքները:
Հետազոտության կազմակերպիչների խոսքով՝ հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցների մեջ մրցակցի հաղթանակը թույլ չտալու նկատառումով ընտրություն է անում հարցման մասնակիցների 33 տոկոսը: Նրանց թվում, ովքեր պաշտպանում են Հիլարի Քլինթոնին, թեկուզեւ մասամբ այս հիմնավորմամբ է ղեկավարվում հարցվածների 32 տոկոսը:
Համեմատության համար սոցիոլոգները բերում են ընտրողների նաեւ դրական փաստարկները: Այսպես, Քլինթոնն իր կողմնակիցների 32 տոկոսին գրավում է իր հարուստ եւ բազմակողմանի փորձով: Մյուս կողմից, Թրամփի կողմնակիցները 27 տոկոսի դեպքում վկայակոչում են նրա մոտեցումները հրատապ քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ:
Ամբողջությամբ վերցված, Փյուի անվան կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում ներկայիս ամբողջ նախընտրական արշավն ամերիկացիների կողմից ավելի շուտ բացասաբար է ընկալվում: Հաշվետվության մեջ մեջբերվում են կոնկրետ մարդկանց կարծիքներ, որոնք ասում են, թե հարկադրված են ընտրելու «երկու չարիքից փոքրագույնը»:
Թրամփի կողմնակիցների 62 տոկոսը եւ Քլինթոնի կողմնակիցների 50 տոկոսը խոստովանում են, որ իրենց անհանգստացնում են սեփական ընտրյալների թերությունները:
Հարցումը կատարվել է օգոստոսի 16-ից մինչեւ սետեմբերի 12-ը եւ ընդգրկել ԱՄՆ-ի 4538 չափահաս բնակիչների, ներառյալ գրեթե 4 հազար գրանցված ընտրողների:
Ավտոմոբիլների թափարգելների վրա ամերիկացիները կախում են «Քլինթոնի օգտին՝ կյանքում երբեք» մակագրությամբ պիտակներ: Նույն բանն է ասվում նաեւ Թրամփի մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: