Կարեն Կարապետյանը պատրաստվում է վերաբաշխել բիզնեսի հնարավորությունները. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի եւ տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում:
«Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը: Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ:
Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո: Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով ներկրումներ իրականացնող օլիգարխներ: Ահա այստեղ է, որ ըստ կարծիքների՝ կարող են լինել լուրջ վերաբաշխումներ: Այդ կարծիքները դեռ չեն վերածվել մտահոգությունների եւ հետեւաբար առայժմ մեծ անհանգստություն չեն պատճառում:
Խնդիրն այն է, որ մինչ այս էլ իշխանության ամենաբարձր մակարդակներով խրոխտ հայտարարություններ են հնչել կոռուպցիայի ու ստվերի դեմ լրջագույն պայքար սկսելու մասին, սակայն դրանք չեն ավարտվել զանգվածային վերաբաշխումներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: