Զգուշավոր են
Երեքշաբթի օրը կատարված սպանություններին անդրադառնալիս, նախագահի թեկնածուները չեն ցանկանում կորցնել աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի ընտրողների ձայները ոստիկանության կողմն անցնելով, սակայն միևնույն ժամանակ փորձում են չվիրավորել մյուսներին ոստիկանությանը քննադատելով:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Փենսիլվանիա նահանգում իր ելույթի ժամանակ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում կատարվող հանցագործություններն ու բռնության դեպքերը:
«Մեր երկիրը աշխարհի վրա բացասական տպավորություն է թողնում այն դեպքում, երբ մենք պետք է լինենք աշխարհի առաջնորդը: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել, երբ չենք կարողանում ղեկավարել մեր իսկ քաղաքները»:
Իսկ նրա դեմոկրատ հակառակորդը անդրադարձել է Օրլանդոյի իրադարձություններին, ասելով թե երկու սևամորթ քաղաքացիների սպանությունը անհավատալի է: Սակայն նա նաև գովաբանել է իրավապահներին՝ անցած շաբաթ Նյու Յորքում և Նյու Ջըրզիում ահաբեկչական հարձակումների շուրջ արդյունավետ աշխատանքի համար:
Թեև Քլինթոնը հինգշաբթի օրը ելույթ չի ունեցել, նրա առաջադրած փոխնախագահի թեկնածու Թիմ Քեինը ելույթ է ունեցել Նեվադա նահանգում:
«Անհրաժեշտ է ավելի լավ կամուրջներ ստեղծել իրավապահ մարմինների և համայնքների միջև: Հիլարին և ես այդ հասկանալով, ցանկանում ենք ներդրումներ կատարել այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար»:
Հինգշաբթի օրը Սպիտակ տունը քննադատել է Հյուսիսային Կարոլինայի սպանություններին հաջորդած բռնի բողոքի ցույցերը:
Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էրնեսթը ասել է,- «Նախագահը միանշանակ քննադատում է այս ցույցերի համատեքստում բռնությունների կիրառումը: Նա հավատացած է, որ այս ցույցերը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, երբ դրանք խաղաղ են»:
Հիշեցնենք, որ հուլիսին Բարաք Օբաման հանդիպել էր իրավապահ մարմինների ներկայացուցիչների և սևամորթ համայնքի ակտիվիստների հետ, փորձելով նրանց միջև երկխոսություն սկսել համայնքների կանոնների և իրավապահ համակարգի փոփոխությունների շուրջ: