Ստեղծվում է «Հայկական ծագումով գիտնականների» ասոցիացիա
Սեպտեմբերի 21-23-ը Երևանում տեղի ունեցավ Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին։ Համաժողովում միմյանց հանդիպեցին և իրենց փորձով ու գիտելիքներով փոխանակվեցին Հայաստան ժամանած բազմաթիվ մեծանուն հայազգի գիտնականներ։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցան բաց դասախոսություններ, կլոր-սեղան քննարկումներ, որոնց նպատակն էր՝ համախմբել Հայաստանի և արտերկրի հայ գիտնականներին։ Համաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որի ժամանակ Ռուսաստանից ժամանած քիմիկոս Արտյոմ Օգանովի առաջարկով որոշվեց ստեղծել «Հայկական ծագումով գիտնականների» ասոցիացիա։ Բոլորը կողմ էին նման ասոցիացիայի ստեղծմանը, որի նախագահ ընտրվեց Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) կենսաբան Դավիթ Ղուկասյանը, իսկ Արտյոմ Օգանովը մեկ տարով կլինի փոխնախագահը։ Ասոցիացիան ունենալու է միջազգային կարգավիճակ։
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում կարևորեց նման համաժողովների կազմակերպումն ու նշեց, որ Հայաստանում գիտությանը միշտ էլ մեծ տեղ են հատկացրել. «Այսօր ԳԱԱ-ն ունի 138 արտասահմանյան անդամներ՝ 17 տարբեր երկրներից. բոլորն էլ փայլուն գիտնականներ են։ Հիմնարար գիտությունը եղել է մեր այցեքարտն աշխարհում։ Մի երկու բան ունենք, որ աշխարհում հայտնի են՝ հայկական կոնյակը, գինին, բայց գիտությունը միշտ էլ եղել է»։
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտնական Յուրի Հովհաննիսյանն էլ նշեց, որ համաժողովը ստացվել է, ինչն ամենակարևորն է. «Եկեք նման համաժողովներն ամեն տարի կազմակերպենք։ Երիտասարդների ակտիվությունը բավականին մեծ է, նրանց ուշադիր հայացքը, ակտիվությունը շատ կարևոր բաներ են»։