«Խոսել այլ անձի փոխարեն քվեարկության մասին՝ ծայրահեղություն է». Տիգրան Մուկուչյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խոսեց սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ մամուլում շրջանառվող ընտրախախտումների դեպքերի մասին։

Նրա խոսքով՝ լսարաններից քվեաթերթիկների դուրս բերելը ներկայացվում էր՝ որպես մասսայական բնույթի երևույթ, այնինչ խոսքը վերաբերում է քվեարկության օրը նկատված ընդամենը 2 դեպքին։

«Եղել է երկու դեպք, երբ քվեաթերթիկը դուրս է բերվել տեղամասից, դա նորություն չէ, նորություն է դրա վերաբերյալ հայտնված զարմանքը։ Կա կարգ, որն ընդունվել է 2011 թվականին, այդ կարգի դրույթները հետևյալն են, երբ տեղամասային կենտրոն է գալիս քաղաքացի, որը որևէ կերպ չի կարող մտնել տեղամասային կենտրոն, ապա այդ տեղամասային կենտրոնից վստահված անձանց ուղեկցությամբ համոզվում են, որ նա տվյալ անձն է, քվեաթերթիկը դուրս է բերվում, դրսում նա անում է իր ընտրությունը, տվյալները փոխանցում, և նույն վստահված անձանց ուղեկցությամբ բերում են տեղամաս ու գցում քվեատուփի մեջ։ Սա գուցե լավ կարգավորում չէ, խնդիրը նրանում է, որ այս կանոնակարգումը գործում է 2011 թվականից։ Այս պարագայում անհասկանալի էին նշյալ հանգամանքի վերաբերյալ ներկայացվող դատողությունները, առավելապես, որ խոսքը վերաբերում է ընդամենը 2 դեպքի»,- նշեց Տ. Մուկուչյանը։

Նա նկատեց, որ հաջորդ խնդիրը վերաբերում էր այլ անձանց փոխարեն քվեարկելուն. «Ուսումնասիրելով այդ գրառումները՝ կարող ենք ասել, որ դա հիմնականում վերաբերում է հայր և որդի, պապ և թոռ դեպքերին, երբ եկել են տեղամասային կենտրոն՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկել է։ Այս պարագայում խոսել այլ անձի փոխարեն քվեարկության մասին՝ ծայրահեղություն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս